Ըստ ճապոնական Nikkei պարբերականի՝ Հյուսիսային Կորեայից չարագործների խմբերը 2017-ից ի վեր Ճապոնիայում բացված հաշիվներից շուրջ 720 միլիոն դոլարի կրիպտոարժույթ են հափշտակել, որոնք այդ ընթացքում միջազգային շուկայում ԿԺԴՀ-ի ցանցահենների գողացած կրիպտոակտիվների ընդհանուր արժեքի մոտ 30%-ն են: Ճապոնիայի Արտաքին առեւտրի կազմակերպության տվյալներով՝ երկրից գողացված 721 միլիոն դոլարը 8,8 անգամ գերազանցում է 2021-ին Հյուսիսային Կորեայի ընդհանուր արտահանման գումարը: Բացի դրանից՝ հյուսիսկորեացի հաքերները շուրջ 540 միլիոն դոլարի կրիպտոարժույթ են հափշտակել Վիետնամի, եւս 497 միլիոն դոլար՝ ԱՄՆ քաղաքացիներից եւ 281 միլիոն դոլար՝ Հոնկոնգից:
Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) ներկայացուցիչները դեռեւս ապրիլի 7-ին Սեուլում անցկացված հանդիպմանն անհանգստություն են հայտնել ԿԺԴՀ-ի հաքերների կիբերհարձակումների կապակցությամբ: Նրանք նաեւ ընդգծել են Փհենյանի «եկամուտների անօրինական հոսքերի արգելափակման համատեղ ջանքերի» կարեւորությունը:
Ըստ Nikkei-ի՝ կիբերհարձակումները Հյուսիսային Կորեան կարող է օգտագործել որպես երկրի բյուջեի համալրման միջոց՝ պատժամիջոցների շրջանցմամբ։ Փհենյանը նաեւ կարող է ստացված միջոցներն օգտագործել իր հրթիռային ծրագրի ֆինանսավորման համար: