Ըստ բրիտանական BBC գործակալության՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Լոնդոնի մերձակայքում գտնվող Չեքերս վարչապետական նստավայրում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ 2 ժամ տեւած հանդիպումից հետո հայտարարել է, որ հաստատակամ է Ուկրաինային աջակցելու հարցում: BBC-ն նշում է, որ Բրիտանիան արդեն 4,6 միլիարդ ֆունտ ստեռլինգի (5.7 միլիարդ դոլարի) ռազմական աջակցություն է տրամադրել Ուկրաինային: Սունակը նաեւ նշել է, որ Բրիտանիան շատ շուտով կսկսի ուկրաինացիների օդաչուների վերապատրաստումը: Իր հերթին Զելենսկին «երկինքը վերահսկելու համար» դարձյալ կործանիչ ավիացիա է խնդրել:
Ըստ Ռիշի Սունակի գրասենյակի հաղորդագրության՝ Լոնդոնը Կիեւին առաջիկա ամիսներին կտրամադրի հարյուրավոր լրացուցիչ զենիթահրթիռային համալիրներ եւ անօդաչու ավիացիոն համակարգեր, դրանց թվում` գործողության ավելի քան 200 կմ շառավղով մեծ հեռահարության հարյուրավոր հարձակողական անօդաչու թռչող սարքեր:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ-ն չափազանց բացասաբար է վերաբերվում Բրիտանիայի կողմից Ուկրաինային Storm Shadow թեւավոր հրթիռների, ինչպես նաեւ նոր ԱԹՍ-ների մատակարարմանը: Զելենսկին Կիեւին ռազմական օգնության ավելացման հարցը ավելի վաղ քննարկել է Հռոմում Իտալիայի ղեկավարության, այնուհետեւ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր լաֆ Շոլցի հետ: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: