Ըստ ամերիկյան New York Times պարբերականի՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական գերագույն պարտքի նկատմամբ՝ կիբեր հարձակումների եւ ԱՄն ընտրություններին միջամտելու համար:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Վաշինգտոնը սահմանափակող միջոցառումներ է ձեռնարկել 12 ռուսաստանցու եւ 20 կազմակերպությունների նկատմամբ: SolarWinds-ի միջոցով Մոսկվային վերագրվող կիբեր հարձակումների եւ ընտրություններին միջամտելու համար էլ կարտաքսվի 10 դիվանագետ:
Իր հերթին Wall Street Journal պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւս մեկ հրաման կստորագրի, որով կընդլայնվեն ռուսական պետական վարկային պարտավորությունների հանդեպ ամերիկյան բանկերի առեւտրային գործողությունների արգելքները:
ԱՄՆ-ի հանդեպ զանգվածային կիբերհարձակման մասին հայտնի դարձավ նախորդ տարվա դեկտեմբերին: Հաքերները օգտվել էին SolarWinds ընկերության Orion ծրագրային ապահովման խոցելիությունից:
SolarWinds-ի հաճախորդներից էին մի շարք ամերիկյան գերատեսչություններ եւ շուրջ 400 խոշոր ընկերություններ: SolarWinds ընկերության հաճախորդներից էին նաեւ ԱՄՆ արդարադատության նախարարությունը, Պետդեպարտամենտը եւ Ազգային անվտանգության գործակալությունը:
Տեսանելի եւ անտեսանելի գործիքները
Ամերիկյան հատուկ ծառայությունները կիբեր հարձակումը համարում են հետախուզական տվյալներ կորզելու փորձ եւ դրա մասնակցության համար մեղադրում են ՌԴ-ին: ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակման կազմակերպիչներն ի վիճակի չեն եղել «զգայուն բնույթի» տեղեկություններ ստանալու:
Ըստ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ այդ փորձին ի պատասխան Սպիտակ տունը չի խորշելու ոչ մի միջոցից: Խոսքը սոսկ պատժամիջոցները չեն, նաեւ «տեսանելի եւ անտեսանելի» այլ գործիքներ կկիրառվեն:
The New York Times-ն էլ հայտնել էր, որ ԱՄՆ-ն նախատեսում է ռուսական համակարգերին ծածուկ հակահարվածներ հասցնել: Դրանց մասին կիմանան միայն Կրեմլը, հետախուզությունն ու զինվորականները, բայց ո՛չ արտաքին աշխարհը:
ԱՄՆ նախագահն իր հերթին ABC News-ին տված հարցազրույցում խոստացել էր, որ Վլադիմիր Պուտինը հատուցելու է ԱՄՆ նախագահական ընտրություններին քիթը խոթելու համար:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Մոսկվան բազմիցս հերքել է կիբերհարձակումներին իր մասնակցությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ մեղադրանքներն անհիմն են, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանը կիբերհանցագործությունների հետ երբեք առնչություն չի ունեցել: