Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցում, որտեղ Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում, Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովը (USCIRF) հայտնել է, որ 2022-ին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը բացասական դինամիկա է ունեցել։ «Միջազգային մարմինները շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու եւ պահպանելու կրոնական եւ մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքներում»,- ասված է զեկույցում։
Զեկույցում նշվում է նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, արդեն իսկ արձանագրված հայկական հոգեւոր ժառանգության ոչնչացման մասին, եւ օրինակ է բերվում Արցախի Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու (18-19 դդ.) հիմնահատակ ավերումը։
«Փետրվարին այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարեց եկեղեցիներից «կեղծ» հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Ըստ երեւույթին, միջազգային հանրության վրդովմունքից հետո Ադրբեջանը հրաժարվել է այս ծրագրից, իսկ արդեն մարտին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում եւ նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու եւ ժխտելու Ադրբեջանի քաղաքականությունը»,– նշված է զեկույցում։
USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն առաջարկում է գումար տրամադրել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը եւ Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը եւ այլ կրոնական կամ մշակութային վայրերը վերականգնելու, պահպանելու եւ պաշտպանելու համար: