ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հայտնել է, որ Հայաստանում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35 հազար 300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19 հազար 900 շրջանավարտ: Նա տեղեկացրել է, որ ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում եւ մայիսի 27–ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում: Փոխնախարարը նշել է, որ 2023-2024 ուստարում 1-ին դասարան է հաճախելու շուրջ 39 հազար 500 սովորող:
Արաքսիա Սվաջյանը հավելել է, որ հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի առավելություններ, հունիսի 27-ից հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների, իսկ հուլիսի 4-ից օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների համար: Փոխնախարարն ընդգծել է, որ 2023-2024 ուստարում ՀՀ-ում կներդրվի հանրակրթության պետական նոր չափորոշիչը ՀՀ բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ եւ 10-րդ դասարաններում: