Միավորված ազգերի կազմակերպությունը գնահատել է պատերազմի հետեւանքով վնասված կամ ավերված ուկրաինական ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը։ Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ Ուկրաինայի տնտեսությունը պատերազմի պատճառով կորցրել է իր արդյունաբերական հզորությունների եւ էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը: Այսպիսով՝ Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, կպահանջվի նվազագույնը 411 միլիարդ դոլար:
ՄԱԿ-ի՝ «Համաշխարհային տնտեսական իրավիճակը եւ 2023-ի կիսամյակի հեռանկարները» զեկույցում նշվում է, որ Ուկրաինայի երկարաժամկետ հեռանկարները կախված կլինեն պատերազմի տեւողությունից ու ինտենսիվությունից, ինչպես նաեւ ենթակառուցվածքների վերականգնումը ֆինանսավորելու՝ երկրի կարողությունից։ «Չնայած արտաքին ֆինանսական օգնությանը՝ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկը եւ Եվրամիության ու Միացյալ Նահանգների ուղղակի բյուջետային աջակցությունը ներառյալ, չի բացառվում, որ 2023-ին երկրի տնտեսությունը լճանա»,- ասված է զեկույցում։
Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մալպասը նախորդ տարվա դեկտեմբերին գնահատել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման ծախսերը Ռուսաստանի հետ ռազմական առճակատման ավարտից հետո։ Նա կարծում է, որ այդ նպատակների համար կծախսվի 350 միլիարդ դոլարից ավելի գումար։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի վերականգնման համար ավելի քան մեկ տրիլիոն դոլար կպահանջվի։ Ամռանը Կիեւը հայտարարել էր, որ երկրի վերականգնման ծախսերը գնահատվում են 750 միլիարդ դոլար։