ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 17-ին տեսակապի միջոցով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ մասնակցել է Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագրի ստորագրման արարողությանը: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային ենթակառուցվածքի եւ բեռնափոխադրումների զարգացման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստումը հնարավորինս շուտ կավարտվի:
«Հուսով ենք՝ եռակողմ ձեւաչափով, ադրբեջանական կողմի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» երթուղով երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման եւ բեռնափոխադրումների վերաբերյալ համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստումն արագ կավարտվի»,- նշել է Պուտինը: Նա հավելել է, որ այդպիսով անհրաժեշտ իրավական հիմք կձեւավորվի երեք երկրների հետագա հաջող համակարգման համար:
Սանկտ Պետերբուրգից մինչեւ Մումբայի նավահանգիստ
Ռաշտ–Աստարա երկաթգիծը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի՝ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Մումբայի նավահանգիստ (Հնդկաստան) ձգվող 7,2 հազար կմ երկարությամբ մուլտիմոդալ երթուղու մի հատվածն է։ Այն այլընտրանք է Սուեզի ջրանցքով Եվրոպան Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի երկրները կապող ծովային ուղուն: Իրանը Ռաշտ–Աստարա երկաթգծի կառուցման նախագծի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել է դեռեւս 2005-ին, բայց շինարարության ակտիվ փուլը սկսվել է 2018-ին։