ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվայում մայիսի 19-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի եւ Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ առանձին կանցկացվեն նաեւ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ըստ Մարիա Զախարովայի՝ Մոսկվան հուսով է, որ շփումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջմղմանը եւ վիճելի հարցերի լուծմանը:
«Անհրաժեշտ է քննարկել հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, եռակողմ համաձայնագրերի իրականացումը, դրանց թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը եւ շփումները հասարակությունների միջեւ»,-շեշտել է ռուս դիվանագետը։