European true պարբերականը հայտնել է, որ Ֆրանսիայի Սենատը, խորհրդարանի ստորին պալատից՝ Ազգային ժողովից հետո հավանություն է տվել 1932-1933 թվականներին ուկրաինացիների զանգվածային սովամահությունը («հոլոդոմորը») որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձեւին։ Ֆրանսիացի 343 սենատորներից 327-ը կողմ են քվեարկել Հոլոդոմորը որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչող բանաձեւին, իսկ մնացած 16-ը՝ դեմ։ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ «պատմական քվեարկության համար, որը վերականգնում է արդարությունը եւ հարգում միլիոնավոր զոհերի հիշատակը»։ «Նման հանցագործությունները երբեք չպետք է կրկնվեն եւ երբեք չպետք է մոռացվեն»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է նախարարը։
1932-1933 թվականներին Ուկրաինայում զանգվածային սովամահությունը («հոլոդոմորը») շուրջ մեկ տարի առաջ՝ 2022-ի ապրիլին, «ցեղասպանություն» է որակել Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը, ընդունելով համապատասխան բանաձեւ: Չեխ պատգամավորները դատապարտել են հոլոդոմորը որպես Ուկրաինայի ժողովրդի դեմ հանցագործություն, զանգվածային հալածանք եւ մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարում: Ըստ բանաձեւի՝ հոլոդոմորը 1932-1933 թվականներին միտումնավոր կազմակերպել է հրեշավոր խորհրդային ռեժիմը` նպատակ ունենալով կոտրելու ուկրաինացի ժողովրդի կամքը բռնի կոլեկտիվացման դեմ պայքարում եւ խարխլելու նրա ազգային ինքնությունը:
Մոսկվան առ այսօր հերքում է
Ենթադրվում է, որ 1932-1933 թվականներին Ուկրաինայում սովից մահացել է մոտ 4 միլիոն մարդ, եւս 3 միլիոն մարդ՝ հիմնականում գյուղացիական բնակչություն, այդ տարիներին սովից մահացել է Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում եւ Խորհրդային Միության այլ հանրապետություններում: Մոսկվան առ այսօր պնդում է, որ բոլշեւիկները բնակիչներին միտումնավոր զանգվածային սովամահության ենթարկելու ծրագիր չեն ունեցել, եւ որ սովից մահացածների թիվը չի համապատասխանում իրականությանը: Սովն, ըստ Մոսկվայի, սկսվել է մի շարք բացասական գործոնների՝ անբարենպաստ կլիմայական պայմանների, վատ բերքի եւ աշխատանքների վատ կազմակերպման, ինչպես նաեւ ստալինյան ռեժիմի սխալ տնտեսական քաղաքականության հետեւանքով: