1940 թվականից Ստամբուլում լույս տեսնող հայկական «Մարմարա» պարբերականի տնօրեն Արի Հատտեճյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների թեմային, հայտնել է, որ պոլսահայ համայնքի ցանկությունն է, որ Հայաստանն ու Թուրքիան իրար հետ հաշտ լինեն։ Նրա համոզմամբ՝ երկու հարեւանների հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի երկու երկրների հասարակությունների վրա։ «Մենք երկու հայրենիք ունենք՝ Թուրքիան եւ Հայաստանը։ Անշուշտ, փափագում ենք, որ երկու հայրենիքներն իրար հետ հաշտ լինեն, մենք էլ երկու երկրների մեջ ազատ, համարձակ, հեշտորեն կարողանանք գնալ-գալ, խոսել, երջանիկ ապրել»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հատտեճյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հայկական շուրջ 50-հազարանոց համայնքին, Հատտեճյանն ասել է, որ ցավոք, հայերեն խոսել, կարդալ իմացող մարդ չի մնացել։ «5 ավագ, 12-13 միջնակարգ եւ տարրական դպրոց ունենք, ամեն տարի այս դպրոցներում հազարներով աշակերտ է սովորում, բայց նրանց մեջ հայերեն կարդացող կամ հայերեն կարդալ ցանկացող երեխա գտնելը հրաշք է։ Ձուլվում են թուրքերենին»,- նշել է Հատտեճյանը։
Ըստ նրա՝ «Մարմարա» օրաթերթի բաժանորդների նվազման հիմնական պատճառը հենց դա է։ «Բոլոր հայ թերթերի նման «Մարմարա»-ն էլ ունի ընթերցողի, բաժանորդի կորուստ, այսօր արդեն չունենք մեր բաժանորդների այն քանակը, ինչ 10-20 տարի առաջ էր։ Բայց համառորեն կպայքարենք, կշարունակենք մեր ճամփան, հույս ունենք, որ դեռ շատ տարիներ կկարողանանք ամեն օր լույս ընծայել հայկական թերթը»,- նշել է Արի Հատտեճյանը։
Ի դեպ
Հատտեճյանի՝ 1967-ից ի վեր թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնող 97-ամյա հայրը՝ Ռոպեր Հատտեճյանը, առողջական վիճակի պատճառով արդեն դժվարանում է գալ խմբագրություն։ Հայալեզու թերթի հրատարակման նրա գործը շարունակում են երկու որդիները։