Կառավարությունն այսօր քննարկել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել 7 միլիարդ 548 հազար դրամ, որի նպատակը Արցախի քաղաքացիների աջակցության 4-ամսյա ծրագրի ֆինանսավորումն ապահովելն է:
«Կառավարության որոշմամբ 2021 թվականի մարտին, ապրիլին, մայիսին եւ հունիսին ԱՀ յուրաքանչյուր քաղաքացու տրվելու է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-68 տարեկան տղամարդկանց»,- ասել է նախարարը:
Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ նույն ծրագրով նախորդ ամիս Արցախում աջակցություն է ստացել 101 հազարից ավելի քաղաքացի: Մինչեւ հիմա արցախցիներին տրված աջակցությունը կազմում է մոտ 33 միլիարդ դրամ:
Կառավարության արդեն հաստատած ծրագրերով կա եւս 22 միլիարդ դրամի հատկացման որոշում, այսինքն՝ ընդհանուր առմամբ տրամադրված եւ հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 միլիարդ դրամ: