Մայիսի 18-ին Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերը համատեղ՝ 9 կետից բաղկացած հայտարարություն են տարածել, որում խոր մտահոգություն են հայտնել բրյուսելյան վերջին հանդիպման ավարտին հայտարարված արդյունքների, ինչպես նաեւ Ռեյկյավիկում Ն. Փաշինյանի հնչեցրած մոտեցումների վերաբերյալ: Նշվում է, որ աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում հայ-ադրբեջանական բանակցությունների արհեստական արագացումը, «այն էլ ճնշումների եւ սպառնալիքների ներքո թե՛ ձեւով, թե՛ բովանդակությամբ չի բխում հայ ժողովրդի շահերից»:
Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկող ցանկացած բանակցային բովանդակություն զուրկ է օրինական հիմքից
Ըստ այդմ նշվում է, որ ցանկացած բանակցային բովանդակություն, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունները համաձայնելու են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում՝ անտեսելով ինքնորոշման իրավունքը, զուրկ է օրինական հիմքից, քանզի հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին, Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ բանակցությունների ընթացքում ընդունած փաստաթղթերին, Հայաստանի Սահմանադրությանը եւ օրենսդրությանը եւ Արցախի Սահմանադրությանը:
Փաշինյանը իրավասու չէ եւ որեւէ խոստում տալու լիազորություն չունի
Հայտարարության մեջ շեշտվում է, որ Փաշինյանը իրավասու չէ եւ որեւէ լիազորություն չունի Արցախյան բանակցությունների եւ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ խոստումներ տալու, առավել եւս, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումներն ու կառավարության ծրագիրը Արցախյան հակամարտության եւ հայ-ադրբեջանական կարգավորումների առնչությամբ պարունակում են բոլորովին այլ դրույթներ, քան հնչեցվում են միջազգային ձեւաչափով տարբեր հանդիպումների ժամանակ եւ որեւէ ամբիոնից պաշտոնական դիրքորոշում հայտնելիս:
Հայ ռազմագերիների ազատ արձակումը հրամայական է, այլ ոչ բանակցությունների առարկա
Նշվում է, որ պետք է բացառել որեւէ էքստերիտորիալ կոմունիկացիոն ցանկացած տիպի հաղորդակցում Հայաստանի Հանրապետության տարածքով, որ Հայաստանի եւ Արցախի ինքնիշխան տարածքներից անհապաղ պետք է դուրս բերվեն ադրբեջանական զորքերը: Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերը շեշտել են, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հայ ռազմագերիների գտնվելը ադրբեջանական կալանավայրերում եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, եւ նրանց ազատ արձակումը հրամայական է, այլ ոչ բանակցությունների առարկա:
Երկխոսությունը պետք է ընթանա միջազգայնորեն ճանաչված ձեւաչափով
Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերն ընդգծել են, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ցանկացած հնարավոր երկխոսություն պետք է իրականացնել միջազգայնորեն ճանաչված ձեւաչափով եւ հստակ երաշխիքներով՝ հիմնված կողմերի իրավահավասարության վրա, սահմանափակված չլինելով որեւէ պարտադրված օրակարգով: Որեւէ այլ ձեւաչափ Արցախի ժողովրդի համար անընդունելի է: Նշվում է, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները պետք է ամրագրեն առաջին Արցախյան պատերազմի հետեւանքով տեղի ունեցած փոխադարձ դեանկլավիզացիան, եւ պետք է բացառել վերադարձ անկլավներին:
Ըստ համատեղ հայտարարության՝ «միջազգային հանրության գերակա պարտավորությունն ու առաքելությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում պետք է լինի հրադադարի պահպանման երաշխավորումը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, միջազգայնորեն ընդունված ձեւաչափի գործարկումը, որպես բանակցային հարթակ եւ միջազգային իրավունքին համահունչ լուծումների առաջարկումը: Անհապաղ պետք ապահովել Բերձորի (Լաչինի) միջանցքի ապաշրջապակումը եւ նրա լիարժեք վերագործարկումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմաններին համապատասխան»:
«Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ ցանկացած բանակցային արդյունք, որը կհակասի այս դրույթներին, անընդունելի է ու չի արտացոլում աշխարհասփյուռ հայության շահերը, եւ Նիկոլ Փաշինյանը կամ որեւէ այլ քաղաքական գործիչ իրավասու չէ բանավոր կամ գրավոր խոստումներ տալ կամ պարտավորություններ ստանձնել այս օրակարգից տարբերվող օրակարգով»,- նշվում է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, «Ազատություն», «Ազգային համաձայնություն», «Ազգային անվտանգություն», «Ազգային ժողովրդավարական միություն», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ինտելեկտուալ Հայաստան», «Համերաշխություն», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Հայաստանի Դեմոկրատական», «Միացյալ Հայաստան», «Սահմանադրական իրավունք միություն», «Վերածնված Հայաստան» եւ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունները:
Արցախի կուսակցություններից հայտարարությանը միացել են ՀՅԴ Արցախի կառույցը, «Արդարություն», «Ազատ Հայրենիք», «Քաղաքական միացյալ դաշինք», «Ազգային միաբանություն», «Միասնական Հայրենիք», Արցախի՝ ժողովրդավարական, Պահպանողական եւ Հանրապետական, ինչպես նաեւ «Շարժում- 88», «Ազգային վերածնունդ» կուսակցությունները եւ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը: