Ամերիկյան ֆինանսական եւ բիզնես նորությունների The Business Insider պարբերականը հրապարակել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի «Պուտինի պալատի» ստորգետնյա հատվածի գծապատկերներն ու գծագրերը։
Փաստաթղթերը հրապարակվել են Metrostil դիզայներական ընկերության կայքում՝ որպես 2010-ականների սկզբին կատարված աշխատանքների օրինակ, եւ եղել են հանրային սեփականությունում առնվազն մինչեւ 2016-ը։ Ընդ որում, օբյեկտը կոչվում էր «Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում պանսիոնատի ստորգետնյա կառույցների համալիր»։ Մասնավորապես, հատակագծերում ներկայացված է պալատական համալիրի տակով անցնող երկու բարդ թունել։ Պալատը եւ ստորգետնյա կառույցները միացված են վերելակով, որն իջնում է մոտավորապես 50 մետր խորության վրա։
Թունելները լավ ամրացված են եւ ունեն կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ բավարար քանակությամբ քաղցրահամ ջուր, օդափոխություն, մալուխների լայն ցանց եւ այլն, մի խոսքով՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է այնտեղ մի քանի օր կամ մի քանի շաբաթ շարունակ ապրելու համար: Թունելները գտնվում են տարբեր մակարդակներում։ Դրանք ունեն 40-60 մետր երկարություն եւ 6 մետր լայնություն՝ այդպիսով ստեղծելով մոտ 6500 քառակուսի ոտնաչափ բնակելի տարածք, որոնք հագեցած են պայթյուններից պաշտպանվելու հնարավորություններով:
Պաշտպանական աշխատանքներին ծանոթ ինժեներ Թադեուշ Գաբրիշեւսկին, ուսումնասիրելով գծագրերը, հայտարարել է, որ թունելները նախատեսված են այնտեղ ապրելու համար։ Թունելային համակարգն ապահովված է ամեն ինչով, ընդհուպ հրդեհային համակարգով, խմելու ջրով, կոյուղով: Պարբերականը նշում է, որ Պուտինը պատվիրել է այս շինությունը՝ նկատի ունենալով վատագույն սցենարները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի արձագանքել Գելենջիկի թունելների վերաբերյալ մեկնաբանություն տալու The Business Insider-ի խնդրանքին: