Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Անդրկովկասում:
Վալերի Գերասիմովն ընդգծել է, որ բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների ցուցիչը Հայաստանի տարածքում գործող ռուսական 102-րդ ռազմաբազան է:
«Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուհերում»,- նշել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Վալերի Գերասիմովը հավելել է, որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի ժամանակ օգնություն է ցուցաբերվել հայ զինծառայողների ախտորոշման հարցում: Անցկացվել է շուրջ 22 հազար հետազոտություն:
Ըստ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են ՌԴ ՊՆ լայնածավալ միջոցառումներին, եւ պատվիրակությունները մշտապես ներկայացվում են բարձր մակարդակով:
«Այսօր հնարավորություն ունենք քննարկելու պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության արդիական հարցերը»,- ընդգծել է Վալերի Գերասիմովը: