Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ քննադատել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին: Էրդողանը Դրագիի՝ իր հասցեին արած կոշտ արտահայտություններն անպարկեշտության եւ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է որակել:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարայում հույս ունեին, թե թուրք-իտալական հարաբերությունները դրական հանգրվանի են հասել:
«Դրագի անունով այդ մարդը տորպեդահարեց մեր երկրների միջեւ ձեւավորված կապերը։ Պետք է նաեւ հիշեցնեմ այդ մարդուն, որ նա չի էլ ընտրվել վարչապետի պաշտոնում, այլ նշանակվել է»,- ընդգծել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Իտալիայի կառավարության ղեկավարը Էրդողանին «բռնապետ» էր անվանել անցած շաբաթ՝ մեկնաբանելով Եվրամիության ղեկավարների Անկարա այցի ընթացքում ծագած սկանդալը, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չէր հատկացվել: