ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որ Մոսկվայում եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ հանդիպումներ էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ, հայտարարել է, որ Հարավային Կովկասի իրադրությունը կարգավորելու համար Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն եւ ճանապարհային քարտեզ են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում: «Մենք շահագրգռված ենք, որ տարածաշրջանում կայունություն, խաղաղություն լինի, սա ուղղակիորեն կապված է ռուսական շահերի հետ, եւ ամեն բան կանենք, որ իրավիճակի կարգավորման համար ընդունված որոշումները կյանքի կոչվեն»,-շեշտել է Լավրովը։ Նա հույս է հայտնել, որ այդ որոշումները կհարգեն նաեւ Հարավային Կովկասով քիչ թե շատ հետաքրքրված մյուս երկրները։
Լավրովն անդրադարձալ է նաեւ բանակցությունների առանցքային թեմաներին, Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի լուծմանը, հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։ Նա հավելել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար, կապեր հաստատել նաեւ փորձագիտական տարբեր խմբերի, խորհրդարանականների մակարդակում։
Մի շարք հարցերով որոշակի փոխըմբռնում կա. Միրզոյան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եռակողմ հանդիպման ժամանակ նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշակի առաջընթաց արդեն արձանագրվել է ենթադրվող խաղաղության պայմանագրի մի քանի դրույթներով։ «Կուզեմ ընդգծել, որ որոշակի փոխըմբռնում կա նաեւ մի շարք հարցերով, ներառյալ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը եւ սահմանագծումը»,- ասել է Միրզոյանը եւ ընդգծել հետագա սրացումների, ուժի կիրառում թույլ չտալու կարեւորությունը։ Եվս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է երեք երկրների առաջնորդների բոլոր եռակողմ հայտարարություններին։ Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմն այս բանակցություններում կառուցողական աշխատանք է տանելու։
Կողմնակից ենք հետկոնֆլիկտային փուլում հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Հետկոնֆլիկտային կարգավորումը, ըստ Բայրամովի, տարբեր փուլերից կազմված գործընթաց է: Նա հավելել է, որ 2022-ի տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում։ Ըստ Բայրամովի` վերջին ամիսներին այս հարցում առաջընթաց է գրանցվել, ներառյալ երկու երկրների առաջնորդների հանդիպումը։