Ֆրանսիական Pernod Ricard ընկերությունն ապրիլի վերջից դադարեցրել է ալկոհոլային խմիչքների արտահանումը Ռուսաստան այդ երկրի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների շրջանակներում։ Այսինքն՝ ընկերությունը տեղի է տվել ԵՄ ճնշումներին կամ հավատարմություն է հայտնել ԵՄ քաղաքականությանը եւ, հակառակ գնալով իր շահերին, դուրս է գալիս ռուսական շուկայից։
Pernod Ricard-ի ավելի քան 70 բրենդների մեջ է նաեւ «Արարատ» կոնյակը, քանի որ շուրջ քառորդ դար «Երեւանի կոնյակի գործարանի» սեփականատերը ֆրանսիական այդ ընկերությունն է։ Այսինքն՝ մեր գործարանի մեկ տասնյակից ավելի կոնյակի տեսակներն այլեւս չեն արտահանվի Ռուսաստան։ Սա մեծ հարված կլինի Հայաստանի արտահանմանը, խաղողագործությանն ու տնտեսությանն ընդհանրապես։ Կարելի է ասել, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո սա կլինի մեր տնտեսությանը պատուհասած ամենամեծ հարվածը։
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ նշանակություն ունի կոնյակը Հայաստանի տնտեսության համար, նշենք, որ այն մեր արտահանման կառուցվածքում երրորդ տեղն է զբաղեցնում պղնձի խտանյութից եւ ծխախոտից հետո։ Բարձր արժեք ունեցող արտադրանք է եւ Հայաստանի համար որոշակի վարկանիշ է ապահովել։ 2021 թվականին արտահանվել է 240 մլն դոլարի կոնյակ։ Իսկ մեր կոնյակի արտահանման ավելի քան 75 տոկոսը բաժին էր հասնում Ռուսաստանին, եւ արտահանվող կոնյակի մի զգալի մասը «Երեւանի կոնյակի գործարանի» արտադրանքն էր։
Գործարանից առայժմ չեն մանրամասնում, թե ինչ են անելու այսուհետեւ, ինչպես են աշխատելու՝ ամբո՞ղջ ծավալով, թե՞ կրճատումներ են լինելու, աշնանը նորից խաղող կմթերե՞ն, կկրճատե՞ն մթերման ծավալները, թե՞ կդադարեցնեն ընդհանրապես։
«Խաղողի շուկայում մենք լուրջ խնդիրներ կունենանք։ Խաղողը [Pernod Ricard-ը] գնում էր նաեւ բարի կամքի դրսեւորմամբ, իրեն խաղող պետք չէր, շատ պաշարներ ուներ եւ գնում էր՝ քաղաքական նկատառումներով, որ լավ լինի հայ գյուղացու, մեր պետության համար, դա այլեւս չի լինի։ Դա էլ մեծ լարում, որակի անկում, մթերման խնդիրներ կառաջացնի։ Գլոբալ առումով շատ վատ բան կատարվեց»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց գինեգործ, Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
Պետությունը, տեղյակ լինելով խնդրից, առայժմ պարզաբանումներ կամ խաղողագործության եւ կոնյակագործության ոլորտի այս լուրջ մարտահրավերին դիմակայելու ծրագրեր չի ներկայացնում։
«Մենք պետք է ընդհանուր առմամբ տեսնենք, թե ինչպիսին է միջավայրը, ինչ փոփոխություններ են տեղի ունենում։ Գիտեք, որ կառավարությունը կարողանում է հնարավորինս արագ արձագանքել տեղի ունեցածին` չեմ ասի իդեալական եւ լավագույն ձեւով, բայց՝ անցնցում»,– Ազգային ժողովում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա ընդամենը հիշեցրել է, որ այս պահին խաղողագործության մեջ կառուցվածքային փոփոխություն է տեղի ունենում՝ ավելի շատ հիմնվում են գինու սորտերի խաղողի այգիներ։
Իհարկե, ռուսական շուկայում «Երեւանի կոնյակի գործարանի» տեղը թափուր չի մնա, այն կլցնեն այլ երկրների եւ Հայաստանի մյուս արտադրողները, ամենայն հավանականությամբ, պակաս որակյալ արտադրանքով, որոնք իրենց անունով, պատմությամբ, լեգենդով «Արարատը» չեն։ Եվ իրականում մենք կկորցնենք «հայկական կոնյակ» ասվածը ռուսական մեծ շուկայում, կկորցնենք հայկական կոնյակի իմիջը։ Իսկ հետագայում եթե գործարանը փորձի վերադառնալ իր շուկա, այն վերանվաճելը մեծ ծախսեր է պահանջելու, եւ շատ դժվար է լինելու։
Մյուս կողմից՝ «Արարատը» աշխարհահռչակ Pernod Ricard-ի մաս է կազմում եւ միգուցե նոր շուկաներ գտնելու շատ մեծ դժվարություններ չունենա։ Բացի այդ, Արեւմուտքը կարող է իր դռները հեշտ բացել մեր կոնյակի առաջ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ դուրս է եկել ռուսական շուկայից եւ ի՛ր պատժամիջոցների արդյունքում։ Հատկապես որ «Արարատը» բարձրորակ կոնյակ է։
Եվ ամեն վատի մեջ կարելի է լավը փնտրել։ Ավագ Հարությունյանն ասում է՝ արտադրությունը կրճատելու փոխարեն «Երեւանի կոնյակի գործարանը» միգուցե սկսի այլ եւ ավելի որակյալ, ավելի վճարունակ շուկաների վրա աշխատել։ «Ռուսական շուկան մեզ համար քաղաքական է, մեզ քաղաքական կախվածության մեջ է պահում, այն մեր նկատմամբ ճնշման գործիք է եղել։ Եվ մենք վաղ թե ուշ պետք է փորձեինք դրանից ձերբազատվել եւ ռուսական ազդեցությունից դուրս գալ։ Այդ համատեքստում կարելի է դրական բաներ գտնել։ Իսկ ԵՄ-ն եթե ստիպեց, որ «Արարատը» դուրս գա ՌԴ-ից, ուրեմն մեր կառավարությունը պիտի փորձի փոխհատուցվող հնարավորություններ ստանալ։ Ի վերջո կորուստներ են կրելու մեր երկրի բյուջեն, տնտեսությունը, մեր խաղողագործները»,- հավելում է Ավագ Հարությունյանը։
«Երեւանի կոնյակի գործարանը» ոչ միայն աշխարհի ալկոհոլային խմիչքի արտադրության մեջ երկրորդը համարվող Pernod Ricard-ի կազմում լինելու, այլեւ իր տասնամյակների ավանդույթի շնոհիվ առաջատարն է Հայաստանում։ Գործարանն ինչ-որ տեղ նաեւ որակ է թելադրել մեր երկրում։ Եվ եթե փորձեց այլ շուկաներ որոնել ու ի վերջո այլ շուկաներում ներկայանալ, ապա իր հետեւից կարող է տանել կոնյակ արտադրող մեր մյուս գործարաններին։ «Ես մի բան գիտեմ՝ որտեղ էլ լինի, կբարձրացնի Հայաստանի արտադրանքի իմիջը»։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։