ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքները, հայտարարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն մոտ են վերջնական պայմանավորվածությանը։ «Խաղաղության պայմանագրի եւ այսօր քննարկված մի շարք հարցերի վերաբերյալ հաջողվել է երկու կողմերի ըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին»,– ընդգծել է Լավրովը։
Առանց հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց սահմանազատման եւ առանց սահմանին անվտանգության ապահովման դժվար է առաջ շարժվել
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին` Լավրովը նշել է, որ կողմերը՝ միջնորդների ներգրավմամբ, աշխատում են այդ ուղղությամբ։ «Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը, անկասկած, հիմնարար է։ Սակայն մեր գործընկերներն այսօր հաստատեցին, որ առանց սահմանազատման, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, առանց Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման իրավիճակի ընդհանուր բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի կոնկրետ կետերով»,- շեշտել է Սերգեյ Լավրովը եւ հավելել, որ այս ամենը քննարկվել է համալիր կերպով։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի հանդիպումը դրական արդյունք կտա: