Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները, մասնավորապես, ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի զեկուցող Փոլ Գավանը եւ հանձնաժողովի քարտուղար Տատյանա Տերմիչը մայիսի 30-ից հունիսի 2-ը փաստահավաք առաքելություն կիրականացնեն Հայաստանի Հանրապետություն։
«Մտորումներ Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին» զեկույցի հեղինակ Փոլ Գավանը 2022-ի հոկտեմբերին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, հայտարարել էր, որ Ադրբեջանը հարձակվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։
Ավելի ուշ ԵԽԽՎ Բյուրոն հունվարին որոշել էր «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքները» թեման ուղարկել ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողով՝ զեկույցի պատրաստման համար։