ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով 2023-ի մայիսի 20-ից արգելվում է Թուրքիայից եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից, ինչպես նաեւ այլ երկրներից թուրքական եւ հորդանանական ծագում ունեցող խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների ներմուծումը: Արգելանքի համար հիմք է ծառայել Թուրքիայում արձանագրված դաբաղ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հաղորդագրությունը:
Մասնավորապես արգելվել է նաեւ խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի եւ ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ) ներկրումը Հայաստան: Արգելվել է ՀՀ ներկրել նաեւ բոլոր տեսակի գազանանոցային եւ կրկեսային կենդանիներ, արտադրող ցուլեր, վարազներ, խոյեր, նոխազների սերմնահեղուկ, խոշոր եղջերավոր կենդանիներ եւ խոզերի սաղմեր, խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթ եւ կաթնամթերք, ինչպես նաեւ դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված միս, մսամթերք եւ հումք: Արգելանքի ցանկում ընդգրկվել են նաեւ դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված կաշին, աղիքային հումքը, խոզաստեւը, որսորդական հաղթանշանները, մսոսկրային ալյուրը, կերերը, լրացակերերը (բացառությամբ՝ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի)։
Տեղեկանք
Դաբաղը (Aphthae epizooticae) տավարի, խոզերի, այծերի, ոչխարների, ուղտերի, եղջերուների եւ այլ երկսմբակավոր կենդանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է։ Դաբաղի նկատմամբ զգայունակ են նաեւ մարդիկ, որոնք դաբաղով վարակվում են հիվանդ կենդանիների չվարակազերծված կաթի օգտագործումից կամ հիվանդ կենդանիներ խնամելիս։ Բնորոշ ախտանշաններն են տենդը, գլխացավը, ընդհանուր թուլությունը եւ ստամոքսաղիքային ուղիների խանգարումները։ Հիվանդության ինկուբացիոն շրջանը 1-12 օր է: