Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի նկատմամբ։ «Հետախուզման հիմքը՝ հետախուզվում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով»,- նշված է ՆԳՆ-ի՝ հետախուզվողների գերատեսչական տվյալների բազայում ներառված Քարիմ Խանի քարտում։ Թե ինչ հոդվածով են փնտրում 53-ամյա դատախազին, չի նշվում։
Հաագայի Միջազգային քրեական դատարանը 2023-ի մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային կարգադրություններ է տվել: Միջազգային քրեական դատարանը պարզաբանել է, որ Պուտինն ու Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների բռնագաղթի համար։ 2022-ի հոկտեմբերին Մարիա Լվովա-Բելովան Պուտինին զեկուցել է, որ հոկտեմբերի դրությամբ Ուկրաինայի սոցիալական հաստատություններից շուրջ 2000 որբ երեխա է տեղափոխվել ՌԴ։ Եվս 350 դոնբասցի որբ երեխաների «տեղավորել» են ՌԴ 16 մարզերի ընտանիքներում, որտեղ նրանց որդեգրել են։
ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը ուկրաինացի երեխաներին ՌԴ տարածք տեղափոխելը պատերազմական հանցագործություն է որակել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ թեեւ ԱՄՆ-ում միջազգային մակարդակով չեն ճանաչել դատավճիռը, այդուհանդերձ, Պուտինին ձերբակալելու վերաբերյալ որոշումն արդարացված եւ շատ ուժեղ դիրքորոշում են համարում: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել էր Պուտինին կալանավորելու մասին որոշումը: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ այդ քայլը միայն սկիզբն էր Ուկրաինայում իր հանցագործությունների եւ վայրագությունների համար ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու հարցում։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, հարցի առաջադրումը համարելով վրդովեցուցիչ եւ անընդունելի, հայտարարել էր, որ ՌԴ-ն չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, եւ նրա նման կարգի ցանկացած որոշում համարում է առ ոչինչ։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ նշել էր, որ ՌԴ-ն Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից չէ եւ դրա վերաբերյալ պարտավորություններ չունի, իսկ միջազգային դատարանի որոշումները Մոսկվայի համար իրավաբանական նշանակություն չունեն։