Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով Հայաստանը երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան։ Առաջին անգամ անցակետի հարցով ՀՀ–ն միջազգային դատարան դիմել է ապրիլի 25–ին։
«Հայաստանը պահանջում է որոշման մեջ ներառել նաեւ անցակետին առնչվող խնդիրը, որովհետեւ փետրվարից հետո իրավիճակ է փոխվել, եւ անցակետի հետ կապված նոր միջոցի անհրաժեշտություն կա։ Ադրբեջանին ժամանակ է տրվել հայկական կողմի միջնորդությանը պատասխանել մինչեւ մայիսի վերջ, ինչից հետո դատարանը պետք է որոշում կայացնի»,–շեշտել է Կիրակոսյանը։ Նա նշել է նաեւ, որ Երեւանն ակնկալում է Հաագայից, մինչեւ մեր հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Բաքուն ոչ միայն չի կատարում ՄԱԿ-ի դատարանի միջանկյալ որոշումները, այլեւ անտեսում է ՄԻԵԴ-ի վճիռները: Այդ փաստը ներկայացվել է վճիռների կատարումը վերահսկող մարմին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն ընդգծել է նաեւ Եվրադատարանի կիրառած միջանկյալ միջոցների կատարման վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, քանի որ Ադրբեջանը անտեսում է վճիռների կատարումը։