Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել վիրավորանքի եւ զրպարտության համար տուգանքների չափերը բարձրացնող օրենքը եւ դիմել է Սահմանադրական դատարան։ Նախագահը համարում է, որ օրենքն առերեւույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից:
Հանրապետության նախագահը վիճահարույց օրենքը քննարկել է լրագրողական կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու կարծիքները:
Ընդգծվել է, որ լրատվամիջոցների գործունեությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությունները չի կարելի քննարկել եւ ընդունել առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու:
Դիտարկվել են նաեւ միջազգային իրավապաշտպան կառույցների մտահոգությունները:
Ըստ ՀՀ նախագահի՝ նախատեսվող փոփոխություններով ոլորտում համակարգային որեւէ խնդիր չի լուծվում:
Առաջարկվող կարգավորումները կարող են էական վնաս հասցնել խոսքի ազատությանը, սահմանափակել լրագրողի ազատությունը եւ լրատվամիջոցի՝ օբյեկտիվ քննադատելու, իրադարձություններն ու երեւույթները, այդ թվում՝ պաշտոնյաների, գործիչների գործունեությունն անկաշկանդ լուսաբանելու հնարավորությունը։
«Միեւնույն ժամանակ, իրավական աղբյուրների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժողովրդավարական հասարակությունում կարծիքի արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում (ներառյալ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը) պետք է լինի հիմնավորված եւ համաչափ, փոխհատուցումը պետք է լինի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ, իսկ փոխհատուցման կիրառումը չպետք է բացասական ազդեցություն ունենա խոսքի ազատության եւ հանրային հարցերի քննարկման վրա՝ պատասխանողի համար ստեղծելով անհամաչափ ծանր նյութական բեռ, որը կարող է նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ վերջինիս գործունեության համար»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: