Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մայիսի 22-ին հայտարարություն է տարածել, որով խոր մտահոգություն է արտահայտել Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ։
Զգուշացվում է, որ հասարակության մեջ խռովություններ եւ հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում «ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին» եւ կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում:
Մայր Աթոռը իշխանության պատկան մարմիններին հորդորել է, առավելագույնս հաշվի առնելով զոհված զինվորի ծնողի պարագան, երկրում առկա մտահոգությունները եւ զգայունությունները, քրեական գործի քննությունը կատարել ամենայն անաչառությամբ, առանց տիկին Գայանե Հակոբյանի մեկուսացման։
«Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, մեր պետության անվտանգության համար։ Աղոթում ենք նաեւ նահատակված մեր բոլոր զավակների հոգիների հանգստության համար եւ մեր զորակցությունը բերում զոհված զինվորների ծնողներին եւ ընտանիքներին»,- ասված է հայտարարության մեջ: