Ըստ ամերիկյան Space պարբերականի՝ Falcon 9 հրթիռը մայիսի 21-ին՝ ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 17:37-ին (Երեւանի ժամանակով՝ մայիսի 22-ին՝ 01:37-ին), Dragon կառավարվող տիեզերանավով Ֆլորիդայի Կանավերալի հրվանդանոցում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնից մասնավոր թռիչք է կատարել դեպի Միջազգային տիեզերակայան, որի հետ միացումը նախատեսված է մայիսի 22-ին՝ 09:24-ին (Երեւանի ժամանակով 17:24-ին): Սա ամերիկյան Axiom ընկերության ծրագրով արդեն երկրորդ կոմերցիոն թռիչքն է դեպի Միջազգային տիեզերակայան։ Առաջին Axiom-1 կոմերցիոն տիեզերագնաց առաքելությունը տեղի է ունեցել 2022-ի ապրիլին։ Տիեզերանավը ղեկավարում է NASA-ի նախկին տիեզերագնաց եւ Միջազգային տիեզերակայանի առաջին կին հրամանատար Փեգի Ուիթսոնը, օդաչուն ձեռնարկատեր Ջոն Շոֆներն է, անձնակազմի անդամներն են Սաուդյան Արաբիայի տիեզերագնաց Ալի ալ-Քարնին եւ առաջին անգամ տիեզերք ուղեւորվող սաուդցի կին տիեզերագնաց Ռայյանահ Բարնավին։
Տիեզերագնացներն ութ օր կանցկացնեն Միջազգային տիեզերակայանում: Այդ ընթացքում նրանք կաշխատեն տիեզերակայանի մշտական անձնակազմի հետ, անկախ հետազոտություններ կանցկացնեն՝ տարբեր թեստեր եւ չափումներ իրականացնելով սեփական մարմնի վրա: Թեեւ ուղեծիր մեկնող մասնավոր խմբերը եւս հանգամանալից նախապատրաստվում են, այդուհանդերձ, դա համեմատելի չէ տիեզերագնացների աշխատանքի հետ: Ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները կփորձեն սոսկ հասկանալ ոչ փորձառու անձնակազմերի արձագանքն անկշռությանը, իսկ ստացված տվյալները կկիրառվեն դեպի Միջազգային տիեզերակայան կարճատեւ ուղեւորությունների ժամանակ անձնակազմի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Երրորդ Axiom (Ax-3) առաքելությունը կիրականացվի 2023-ի վերջին, որի ընթացքում չորսհոգանոց անձնակազմը երկու շաբաթ կանցկացնի Միջազգային տիեզերակայանում: Axiom-1 առաքելության յուրաքանչյուր անդամի թռիչքի արժեքը 55 միլիոն դոլար է: SpaceX-ի հետ համաձայնագրով Axiom Space ծրագրի շրջանակում տիեզերական զբոսաշրջիկների հետ թռիչքները նախատեսվում է իրագործել ապագայում տարեկան երկու-երեք անգամ։