ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մայիսի 22-ին կազմակերպված ասուլիսում անդրադառնալով սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հայ–ադրբեջանական ամբողջ սահմանագիծն ընդունելու 1975 թվականի Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։ Նա նշել է, որ Հայաստանը Պրահայում եւս վերահաստատել է իր դիրքորոշումը` այդ քարտեզներով արձանագրված սահմաններից զորքերի հայելային հետքաշումը։ Փաշինյանը հիշեցրել է 2022-ի հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը, որով կողմերը պայմանավորվել են խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրումից։
Բաքվի առաջարկին են սպասում
Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը հույս ունի, որ ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագրի խմբագրումները կկատարի` հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն ու գրանցած առաջընթացը։ Նա մինչեւ մայիսի 25–ին Մոսկվայում անցկացվելիք բանակցությունները իրատեսական չի համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնից առաջ ՀՀ-ն չորրորդ անգամ է իր խմբագրումները կատարել եւ փոխանցել ադրբեջանական կողմին եւ սպասում նրանց առաջարկին:
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանում կգործի, երբ հստակ ընդգծի ՀՀ տարածքը
Անդրադառնալով ՀՀ տարածքում ՀԱՊԿ առաքելությանը՝ Փաշինյանը հայտարարել է, որ այն չի գործում մի պարզ պատճառով, քանի որ ըստ էության չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած ՀՀ տարածքը։ «Երբ ՀԱՊԿ–ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա»,– ասել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ ՀՀ–ն Արեւմուտքից ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու ազդակ երբեւէ չի ստացել, չի ստանում, ու կարծում է, որ չի ստանա։
Եթե ՀԱՊԿ-ը չկատարի իր պարտավորությունները, ՀՀ-ն դուրս կգա ՀԱՊԿ-ից
Փաշինյանը հայտարարել է նաեւ, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ դե-յուրե որոշում ընդունի, դա տեղի կունենա, երբ ՀՀ-ն կարձանագրի, որ ՀԱՊԿ-ն դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։ «ՀԱՊԿ-ի դուրս գալ ասելով նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները»,- հավելել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ «եթե արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե-յուրե եւ ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել»: Փաշինյանը նշել է, որ Հայաստանն այլ երկրներից ռազմական տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն ուներ, սակայն ՀԱՊԿ անդամ լինելը փակել է այդ հնարավորությունները։
«Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը»
Փաշինյանը մայիսի 22-ի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։ «Բայց նաեւ պետք է արձանագրել, որ մենք ասում ենք` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»,- նշել է Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ Կառավարությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Փաշինյանը նշել է, որ ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել, եւ մեր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը»,– ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող ՀՀ առաջին ղեկավարն է: Զուրաբյանը հավելել է, որ փորձելով ձեռք քաշել ԼՂ-ից՝ Փաշինյանը չի ապահովելու ՀՀ տարածքի անվտանգությունն ու ինքնիշխանության երաշխիքները: Միեւնույն ժամանակ Լեւոն Զուրաբյանը Հայաստանի գործող իշխանության կողմից հանցավոր վարքագծի դրսեւորում է որակել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը առկախելու եւ դա պայմանագրի մեջ ներառելու մասին Ռուսաստանի առաջարկից հրաժարվելը: