Երեւանի քաղաքապետարանից հայտնել են նաեւ, որ հաշվի առնելով Երեւանում օդի աղտոտվածության մակարդակը՝ համայնքը կնախաձեռնի հատուկ չափիչ սարքերի տեղադրման գործընթաց: «Սա, ըստ էության, կլինի «Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման առաջին՝ փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կտա մանրամասն տեղեկություն ստանալու օդի աղտոտվածության հարուցիչների վերաբերյալ եւ հստակ ուղղություններով կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել»,-ասված է հայտարարությունում:
Դեռեւս 2017-ին Երեւանի քաղաքապետարանը «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում բնապահպանական հիմնահարցերի թվում օդի աղտոտվածությունը դիտարկել է որպես առավել հրատապ մարտահրավեր: Փոշու տարեկան միջին կոնցենտրացիան այն ժամանակ 162 մկգ/խմ է եղել, ինչը նորմայից բարձր ցուցանիշ է: Փոշու բարձր պարունակության համար առաջնային աղբյուրը հողի մակերեւույթն է, որից փոշին բարձրանում ու տարածվում է քաղաքում քամու միջոցով: Փոշու աղբյուր են նաեւ անշարժ աղբյուրները (քիմիական արդյունաբերության օբյեկտներ, շինանյութերի եւ հանքարդյունահանման տարածքներ), ինչպես նաեւ տրանսպորտը:
Ավելի վաղ օդի մաքրման համակարգեր արտադրող շվեյցարական IQAir ընկերությունը, որն իր պաշտոնական կայքում պարբերաբար հրապարակում է աշխարհի մայրաքաղաքներում եւ խոշոր քաղաքներում օդի որակի վարկանիշը, հայտնել էր, որ Երեւանում օդի աղտոտվածությունը 176 AQI է, ինչը համապատասխանում է «վնասակար» մակարդակին: Երեւանում PM2.5 մասնիկների խտությունը ներկայում 28,4 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ օդի որակի տարեկան նորմատիվային ցուցանիշը:
PM2.5 մասնիկներն աշխարհում վաղաժամ մահվան պատճառ դարձող ռիսկի գործոնների շարքում վեցերորդն են
PM2.5 մթնոլորտային աերոզոլային մասնիկները բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա եւ ունակ են խոր ներթափանցելու թոքերի մեջ՝ նպաստելով թոքերի քաղցկեղի 18% աճին: PM2.5 մասնիկների ազդեցությունն ամբողջ աշխարհում դարձել է 4,1 միլիոն մարդու սրտի հիվանդությունների, կաթվածի, թոքերի քաղցկեղի, թոքերի քրոնիկ հիվանդության եւ շնչառական վարակների, ընդհուպ մահվան պատճառ: Ընդհանուր առմամբ, շրջակա միջավայրում տարածված PM2.5 մասնիկներն աշխարհում վաղաժամ մահվան պատճառ դարձող ռիսկի գործոնների շարքում վեցերորդն են: