Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ, ներկայում ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը Վարշավայում ընթացող 2023 Grand Chess Tour-ի երկրորդ փուլում հաջող է մեկնարկել՝ փոխարինելով շախմատի նորընծա աշխարհի չեմպիոն Դին Լիրենին։ Արագ շախմատի առաջին երեք տուրից հետո Արոնյանը վաստակել է 5 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքու համար՝ 1 միավոր) եւ բաժանում է 1-3-րդ տեղերը։
Հայազգի շախմատիստը նախ ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, այնուհետեւ պարտության է մատնել նիդերլանդցի Անիշ Գիրիին եւ ռումինացի Կիրիլ Շեւչենկոյին։ Մայիսի 22-ին կանցկացվեն հաջորդ երեք տուրերը։ Լեւոն Արոնյանը կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենի, ռումինացի գրոսմայստերներ Բոգդան-Դանիել Դեակի եւ Ռիչարդ Ռապորտի հետ։ 2023 Grand Chess Tour-ի երկրորդ փուլում, որը կտեւի մինչեւ մայիսի 25-ը, 10 շախմատիստները նախ ուժերը կփորձեն արագ, ապա՝ կայծակնային շախմատում։ Հաղթողը կպարգեւատրվի 40 հազար դոլարով, իսկ 10-րդ տեղը գրավողը՝ 7 հազար դոլարով։