Մայիսի 22-ի գիշերը հրավիրված արտահերթ նիստի ժամանակ Արցախի Ազգային ժողովն անդրադարձել է մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանը պատրաստ է ճանաչելու Ադրբեջանի 86,6 քառ. կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, իսկ ԼՂ հայության իրավունքների անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու–Ստեփանակերտ երկխոսության ժամանակ: Արցախի ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանը դիմելով աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի, Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը կոչ արեց սատար կանգնելու Արցախի հայության` իր հայրենիքում խաղաղ ապրելու եւ արարելու անշեղ եւ վճռական կամքին։
Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն էլ ներկայացրեց ԱԺ հայտարարության նախագիծը, որում մասնավորապես ասվում է` Փաշինյանը խախտում է ՀՀ անկախության հռչակագրի եւ Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին։ Դրանցում մասնավորապես ասվում է` Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։
Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ` Արցախի Ազգային ժողովը կոչ արեց համայն հայությանը` թույլ չտալ ՀՀ օրվա իշխանություններին՝ Արցախի եւ Հայաստանի ինքնիշխան տարածքներն անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը։ Արցախի խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու անթույլատրելիության մասին բանաձեւը, ինչպես նաեւ դիմեց Հայաստանի եւ Արցախի նախկին ու գործող նախագահներին` կոչ անելով դատապարտելու Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ին արած հայտարարությունները։