Ըստ բրիանական Evening Standard պարբերականի՝ պատասխանելով լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ Ջերեմի Քորբինին, որը Բրիտանիայի կառավարությանը հորդորում էր աջակցել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու միջազգային կոչերին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը խորհրդարանում հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը սառեցնելու փորձերը ներկա փուլում բացարձակապես սխալ են, եւ այդ փորձերը պետք է մերժել։ «Հրադադարը արդար եւ տեւական խաղաղություն չէ Ուկրաինայի համար»,- շեշտել է Ռիշի Սունակը: Ռուսաստանը, ըստ Սունակի, ապօրինի ներխուժել է Ուկրաինա, կատարել սարսափելի ռազմական հանցագործություններ:
Կառավարչության ղեկավարի համոզմամբ՝ դրա ճիշտ եւ միակ պատասխանը Ռուսաստանի զորքերի դուրսբերումն է Ուկրաինայից: Սունակը հավելել է, որ ՌԴ-ի՝ հրադադար հաստատելու կոչերը ոչ այլ ինչ են, քան հակամարտությունը պարզապես սառեցնելու փորձեր: Մեծ Բրիտանիայի վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ մյուս երկրները համաձայնել են «արդար եւ կայուն խաղաղության» սկզբունքին, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա։ «Վարչապետը ճիշտ է ասում, որ հրադադարը խաղաղություն չէ, բայց ցանկացած խաղաղ գործընթաց պետք է սկսվի հրադադարով, հակառակ դեպքում այս պատերազմը կշարունակվի եւ ավելի ու ավելի կսրվի»,- հակադարձել է Քորբինը։ Սունակը պատասխանել է, որ չի կարող համաձայնել նրա հետ։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ միջնորդությունը լայնածավալ պատերազմի դադարեցման եւ խաղաղ կարգավորման հարցերում ընդունելի է միայն այն դեպքում, եթե այն համապատասխանի հայտնի երկու հիմնարար սկզբունքներին։