ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի պոլիտեխնիկական համալսարանի բնապահպան-կամավորները Շիրակի մարզում անցկացնում են Ախուրյանի ավազանի ջրերի հետազոտություն: Խմբին աջակցում են Երեւանի Ամերիկյան համալսարանի բնապահպանության կենտրոնը եւ Ախուրյան խոշորացված համայնքը:
Ի սկզբանե նրանք նպատակ են ունեցել հետազոտություններն անցկացնելու Սեւանում, բայց ընտրությունը կանգ է առել Շիրակի ջրերի վրա: Երիտասարդ կամավորները պարզում են Կարկաչան եւ Ախուրյան գետերի ջրերի աղտոտվածության աստիճանը:
Կարկաչան գետը Ախուրյանի արեւմտյան հատվածի գյուղերի ցանքատարածությունների ոռոգման հիմնական աղբյուրն է: Մարդիկ օգտվում են ջրային ռեսուրսից, բայց երբ իրենք պետք է պահպանեն բնությունն ու էկոհամակարգը, ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Գետն իր հետ բերում է Գյումրու եւ հարակից բնակավայրերի կոյուղաջրերը, մարդիկ էլ աղբն են անարգել տալիս ջրին: Սակայն ջրի աղտոտման գործն այսքանով չի սահմանափակվում, բարձրաձայնում է «Բիոսոֆիա» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանը:
«Կարկաչանի վրա կան սպասարկման սրահներ ու կաթի վերամշակման գործարան, որոնց կենցաղային, արտադրական թափոնները, քիմիական մաքրող միջոցները լցնում են գետ: Աղտոտվածության խնդիրը մարդածին է: Էկոհամակարգն ու կենդանական աշխարհն ենք ոչնչացնում: Բացի այդ՝ ոռոգման ջուրն աղտոտելու պատճառով սածիլների մեծ քանակությունը չորանում է, աճած բույսերն էլ երբեմն հիվանդանում են»,- ասում է Պետրոսյանը:
Ամերիկացի բնապահպանները ջրի թեստեր են արել, պարզել, որ խնդիրն իրոք անհանգստացնող է:
Խմբի անդամ Թի Էլին ասում է՝ վիճակը ծայրահեղ վատ չէ, բայց անհանգստացնող է: Ըստ նրա՝ բավականին շատ անելիքներ կան:
«Պարզեցինք, որ ջուրն իրոք կեղտոտված են. ջրիմուռների մեծ քանակություն, ազոտ, ֆոսֆոր եւ այլ նյութերը ավելին են, քան թույլատրելի է»: Թի Էլին փորձաքննության նախնական եզրակացությունն է ներկայացնում. աղտոտվածության մակարդակը վտանգ է ներկայացնում ե՛ւ շրջակա միջավայրի, ե՛ւ դրանով ոռոգված մթերքն օգտագործող մարդկանց ու կենդանիների համար:
Կամավորներից Մեյսն Միշելը խնդրի լուծման ուղիներից մեկն է ներկայացնում. «Ջրոսպ կաճեցնենք հոսող ջրի մակերեսին, կպարզենք, թե ինչպես կմաքրվի ջուրը: Հաջորդ քայլով կորոշենք, թե ջրոսպի հատկապես որ տեսակը լավ կդրսեւորվի Շիրակում»:
Ամերիկացիները լավատեսական կանխատեսումներ են անում. ասում են՝ ջրոսպը կդառնա Շիրակի մշտական բնակիչ, նախ կմաքրի ավազանի ջուրը, կկարգավորի թթվայնությունը, կկլանի վնասակար նյութերը, ապա կդառնա արտադրության հումք թռչունների, կենդանիների, ձկների կերի կամ սպիրտի համար:
«Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության նախագահը կողմ է խնդրի լուծման «ջրոսպյան» եղանակին, բայց ավելի արդյունավետ է համարում ոչ միայն հետեւանքների վերացումը, այլեւ խնդրի կանխարգելումը: «Համայնքներում ջրի մաքրման կայաններ են պետք տեղադրել: Արտադրական եւ սպասարկման օբյեկտներից, տնտեսվարողներից էլ օրենքով պետք է պահանջել լոկալ կայաններով մաքրել իրենց գործունեության ընթացքում աղտոտված հոսքաջրերը: Այլապես ստացվում է՝ հետեւանքն ենք վերացնում, ոչ թե պատճառը»:
Ամերիկացի համալսարանականներն այս տարվա ավարտին եւս մեկ անգամ կգան Շիրակ՝ հետազոտությունների ավելի խոր եզրակացությամբ եւ լուծման նոր ուղիների առաջարկներով:
Իսկ մինչ այդ ոչ միայն օվկիանոսից այն կողմի, այլեւ տեղի բնապահպանները հորդորում են բնակիչներին չաղտոտել այն ջուրը, որով ոռոգված պարենային սննդից օգտվում են հենց իրենք ու իրենց երեխաները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։