ՌԴ տրանսպորտի նախարարության Պետական սահմանի անցակետերի բարեկարգման բնագավառում պետական քաղաքականության վարչության տնօրեն Միխայիլ Կոկաեւը հայտնել է, որ Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետի արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023-ի նոյեմբերին: «Պայմանագրով այս տարվա դեկտեմբերն է, բայց ցանկանում ենք նոյեմբերին ավարտել։ Սա այն ժամկետն է, որը մենք հանձն ենք առել»,- շեշտել է Կոկաեւը։ Պաշտոնյան հավելել է, որ ներկայում այս անցակետում թեթեւ տրանսպորտի անցման հետ կապված խնդիրներ չկան։ Սահմանային անցակետում գործում է 24 երթեւեկելի գոտի՝ յուրաքանչյուր ուղղությամբ 12-ական:
«Կազբեկ-Վերին Լարսը» վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է Վրաստանի տարածքում վատ եղանակի պատճառով: Այն բեռնաշրջանառության գծով տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում ավտոմոբիլային հաղորդակցության առումով՝ 4,3 միլիոն տոննա բեռ 2021-ի ընթացքում։ Անցակետի թողունակությունը մեծացնելու նպատակով 2021-ի մարտից վերակառուցման աշխատանքներ են սկսվել: Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ. օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչեւ 3000-ը հասցնելու հնարավորությամբ։ Ներկայում օրական բաց է թողնվում միջինը 800-1000 բեռնատար ավտոմեքենա` օրական 400 ավտոմոբիլային միջոցի ընդհանուր անձնագրային հնարավորության պայմաններում: