ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Երեւանից ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին հարցին եւ հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է այն սցենարը, որի դեպքում իրեն կխնդրեն լքել Հայաստանի ռազմակայանը, հայտարարել է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գործունեությունը համարում է շատ արդյունավետ եւ այդ առումով իրեն լավ դրսեւորած։ Սակայն յուրաքանչյուր երկիր ունի կառույցի գործունեությունը գնահատելու իր իրավունքներն ու հնարավորությունները։
«Այս պահին ստեղծված իրավիճակը դիտարկում ենք այն միջնորդական գործառույթների տեսանկյունից, որ մեր երկիրն ունի։ Կիրառում ենք գործիքներ քաղաքական առումով իրավիճակը հարթեցնելու համար, բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներում, տեղի են ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները Մոսկվայում, այդ շփումները շարունակվում են»,- շեշտել է Զախարովան։ Ըստ նրա՝ դա իրենց կոնկրետ աշխատանքի առարկան է, ընդ որում՝ մի շարք ուղղություններով եւ գերատեսչություններով՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում նաեւ ռուս խաղաղապահներ կան։ Զախարովան նշել է, որ նույնը կարող է պնդել ՀԱՊԿ-ի մասին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից: «Եթե Հայաստանն այս խոսույթով փորձում է առաջ տանել ՀԱՊԿ-ից դուրս գալու գաղափարը, ապա, կարծում եմ, հարկավոր է հասկանալ նման մանիպուլյացիայի ողջ վտանգը: Ինչպե՞ս կարող է ՀԱՊԿ-ը դուրս գալ Հայաստանից… Մեզ համար հասկանալի չէ՝ ինչի՛ մասին է խոսքը»,-ասել է Զախարովան: