Նախորդ շաբաթ Հայաստան էր այցելել ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլեւսկին եւ հանդիպումներ ունեցել ԿԳՄՍ նախարարության ղեկավարության հետ։
Հատկանշական է, որ այցի մասին որեւէ անդրադարձ չի եղել ո՛չ հայկական, ո՛չ ռուսաստանյան լրատվամիջոցներում, ո՛չ էլ գերատեսչությունների պաշտոնական կայքէջերում։ Ավելին՝ այցի ընթացքում Մոգիլեւսկին իջեւանել է ոչ թե հյուրանոցում, այլ վարձակալած բնակարանում:
Նախարարի տեղակալը ժամանել էր Երեւան՝ հանգուցալուծելու ռեկտորի պաշտոնից Արմեն Դարբինյանի (պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր մայիսի 14-ին) հեռանալուց հետո Հայ-ռուսական համալասարանում (ՀՌՀ) ստեղծված իրավիճակը, եւ այսպիսի «քողարկված» այցն ունի իր բացատրությունը:
Բանն այն է, որ մինչեւ ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարի տեղակալ նշանակվելը (2022 թ. դեկտեմբեր) Մոգիլեւսկին երկար տարիներ աշխատել է Սերգեյ Նարիշկինի (այժմ ղեկավարում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը՝ СВР) ենթակայության տակ, եղել է «Ռուսական պատմական ընկերության» կառավարման խորհրդի անդամ (նախագահը նույնպես Նարիշկինն էր) եւ նախարարություն է «գործուղվել» արտերկրում գիտության եւ կրթության ոլորտում «ազդեցության գործակալների» արտերկրի ցանցը ակտիվացնելու եւ լայնացնելու համար:
Գաղտնիք չէ, որ ռուսական կողմը երկար ժամանակ դժգոհ էր ռեկտոր Արմեն Դարբինյանից, որը փորձում էր ներդաշնակել ՀՌՀ-ի համահիմնադիրների, այսինքն՝ ռուսական եւ հայկական կողմերի շահերը, ցանկությունները, ուսումնական ծրագրերը։ Որոշ շրջանակներ Ռուսաստանում այդ գործելաոճը համարում էին ոչ նպաստավոր իրենց համար եւ ռեկտորի պաշտոնում ցանկանում էին տեսնել այդ շրջանակների հլու-հնազանդ կամակատարին։
Չցանկանալով սրել իրավիճակը՝ Դարբինյանը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ այլեւս չի հավակնելու ռեկտորի պաշտոնին եւ չի մասնակցելու գալիք ընտրություններին։ Հաշվի առնելով համալսարանի հիմնադիր փաստաթղթերի դրույթները՝ ԿԳՄՍ նախարարությունը կարգադրել էր մայիսի 12-ին գումարել ՀՌՀ կոնֆերանս՝ նոր ռեկտոր ընտրելու օրակարգով:
Հայկական կողմի առաջարկությամբ ռեկտորի ընտրություններին մասնակցում էին համալսարանի «Էկոնոմիկայի եւ բիզնեսի ինստիտուտի» տնօրեն, ՀՀ եւ ՌԴ տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը եւ համալսարանի նախկին պրոռեկտոր փ.գ.դ., պրոֆեսոր Պարգեւ Ավետիսյանը:
Կոնֆերանսի ժամանակ իր ելույթում պարոն Ավետիսյանը հայտարարեց, որ կոնֆերանսը լեգիտիմ չէ եւ նոր ռեկտոր ընտրելու իրավասություն չունի: Որպես իր հայտարարության վկայություն՝ նա գրպանից հանեց եւ ընթերցեց Մոգիլեւսկու ստորագրած մի փաստաթուղթ, որում ՀՌՀ ՌԴ հիմնադրի ներկայացուցիչը դեմ էր արտահայտվում ռեկտորի ընտրությանը, ինչպես նաեւ պարտադրում էր ռեկտորի պաշտոնակատար նշանակել Պարգեւ Ավետիսյանին: Եվ զավեշտալին այն էր, որ ո՛չ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ո՛չ համալսարանը նման փաստաթուղթ չէին ստացել:
Վերլուծելով այս ամենը՝ կարող ենք միայն փաստել, որ պարոն Ավետիսյանը ստանձնել էր ազդեցության գործակալի դերը եւ փորձ էր անում տապալելու ընտրությունները, սակայն դա նրան չհաջողվեց, եւ ձայների մեծամասնությամբ ռեկտոր ընտրվեց Էդվարդ Սանդոյանը։ Այդ ընտրությունը պետք է հաստատեին հիմնադիրները՝ ՌԴ եւ ՀՀ համապատասխան նախարարությունները։
Հենց այս ընտրությունների արդյունքով էր պայմանավորված Մոգիլեւսկու այցը Հայաստան։ Սակայն, ըստ մեզ հասած հավաստի տեղեկության, նա չի կարողացել հարկադրել հայկական կողմին անվերապահորեն ընդունել ռուսական կողմի պարտադրանքը՝ չեղարկել ընտրությունների արդյունքները եւ ռեկտորի պաշտոնակատար նշանակել Ավետիսյանին։ Իսկ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ հարգել համալսարանի կամարտահայտությունն ու հաստատել ընտրությունների արդյունքները։
Եվ քանի որ առանց ռուսական կողմի հաստատման ռեկտորը չի կարող կատարել իր պարտականությունները, ապա ՀՌՀ-ն այս օրերին պարալիզացված է․ հնարավոր չէ հրամաններ արձակել, վճարել կրթաթոշակները, աշխատավարձերը, ստորագրել ապագայում տրվելիք դիպլոմները եւ այլն: Նման իրավիճակի շարունակությունը, ցավոք, կարող է Հայաստանի առաջատար բուհերից մեկի ոչնչացմանը հանգեցնել։
Արդյոք Պարգեւ Ավետիսյանը գիտակցո՞ւմ է, որ դարձել է (կամ գուցե մի՞շտ է եղել) ՌԴ հատուկ ծառայությունների կամակատարը, դժվար է ասել։ Բայց հույս ունենանք, որ ռուսական կողմը կփոխի իր կարծր եւ դրական վերջնարդյունք չունեցող դիրքորոշումը եւ կգործի ի շահ Հայ-ռուսական համալսարանի զարգացման եւ առաջատար դիրքերի պահպանման։
Գոռ Մելիքյան
ՀՌՀ ասպիրանտ