Պատերազմի օրերին Լոռու մարզի Մեծ Այրում եւ Փոքր Այրում գյուղեր կրկին փախստական ընտանիքներ եկան։ Երեսուն տարի անց կրկնվեց այն, ինչն այստեղ ապրողների համար սպիացած վերք էր դարձել։ Նրանք սեփական հարկի տակ կամ հարեւանությամբ տեղավորեցին եկվորներին, որոնց մի մասը հարազատ-բարեկամ էր, մյուսները՝ Հայաստանը երբեւէ չտեսած արցախցիներ։ Պատերազմի, տեղահանության, լքված շեների ու խեղված ճակատագրերի մասին պատմություններն այստեղ շատացան։
Երեք պատերազմ տեսած եւ արդեն երկրորդ անգամ փախստական դարձած Արմինեն Մեծ Այրում է հասել հոկտեմբերի 10-ին։ Մինչ այդ Իջեւանում՝ մորաքրոջ տանն է մնացել, հետո արդեն Այրում՝ ամուսնու մորաքրոջ տուն է տեղափոխվել։ Տնից տուն՝ երեք անչափահաս երեխաների հետ։ Իսկ ամուսինը դիրքերում էր։
Շատերի նման Արմինեի մոտ էլ պատերազմի տագնապը սկսվել է առաջին կրակոցներից անմիջապես հետո։ Ահաբեկված՝ ամուսնուն է զանգել, որը հանգստացրել է կնոջը, թե «ոչ մի պատերազմ էլ չկա»։ Դրմբոնի հանքավայր գնացող ավտոբուսում տղամարդիկ կրակոցները չէին լսել։
«Հասնում են գործի, ու բոլորին միանգամից դիրքեր են տանում։ Գյուղում՝ Ակնաբերդում, մի քանի տղամարդ էր մնացել։ Մենք էլ՝ կանանցով, երեխաներով, սպասողական վիճակում էինք, որ շուտով օգնություն կգա։ Անընդհատ ռմբակոծում էին, չգիտեի՝ երեխաներին որ մեկին գրկեմ։ Ախպերս եկավ ու հենց սեպտեմբերի 27-ին մեզ տարավ հերանցս տուն՝ Զարդախաչ (Մարտակերտի շրջան)։ Որոշեցինք առավոտն էլ էդտեղից դուրս գանք։ Արդեն ճանապարհը փակ էր, պայթեցրած, պետք է դուրս գայինք Քարվաճառի ճանապարհներով՝ անտառի միջով։ Իրիկունը մի հատ էլ ռումբ գցեցին, մեկն էլ՝ Գետավանում, որ կամուրջը պայթեցնեն։ Բայց չէր պայթել։ Էնքան էինք շփոթված, որ էդ խառնաշփոթի, լացուկոծի մեջ երեխաներից մեկին մոռացել էի։ Երկուսը լացում էին՝ ինձնից կպած, դուռը փակելիս ուշքի եկա, որ երկրորդ աղջիկս տան մեջ քնած է»,- պատերազմի առաջին օրվա մանրամասներն է պատմում երիտասարդ կինը՝ փորձելով որեւէ բան բաց չթողնել։
Արմինե Ասրյանը 35 տարեկան է։ Ակնաբերդում վարձով էին ապրում։ Ամուսինը՝ 42-ամյա Գագիկ Բաղյանը, Դրմբոնի հանքում էր աշխատում, ինքն էլ վարձակալած փոքրիկ խանութում առեւտուր էր անում։ Ասում է՝ կամաց-կամաց առաջ էին գնում:
Ակնաբերդն այն քիչ գյուղերից է, որ հակառակորդի վերահսկողության տակ չի անցել։ Գյուղում մոտ 120 տնտեսություն կա։ Պատերազմից հետո շատերն են վերադարձել, բայց Արմինեն Արցախում ապրելու մասին այլեւս չի մտածում։ Անդադար նույն բանն է ասում. «Ախր պատմելով չեք հասկանա, թե ինչերի միջով ենք անցել»։
«Էդքան բան տեսնողը էլ ո՞նց կարա հետ գնա։ Ինչպե՞ս իմ երեք աղջիկ երեխաները ռուսի ու թուրքի մեջ ապրեն։ Էն ժամանակ էլ չորս կողմը թուրք է եղել։ Բայց հիմա օղակը սեղմվել է, Մատաղիսն ու Թալիշը վերցնելուց հետո ավելի են մոտեցել մեզ։ Կարան մի հատ փոքր կածանով գան ու մեզ սպանեն գիշերը։ Ես շատ եմ վախենում իմ երեխաների համար։ Եթե գնանք, ոչ ոք չի պաշտպանելու մեզ։ Պահող լինեին, կպահեին Ղարաբաղը»,- իր մտահոգություններն է պատմում Արմինեն եւ ավելացնում, որ արդեն կարեւոր չէ, թե որտեղ կլինեն․ մեկ է, ոչինչ չունեն, ու ամեն ինչ զրոյից են սկսելու։
Իսկ ամուսինը՝ 14 տարի զինվորական ծառայության մեջ անցկացրած Գագիկը, Մեծ Այրումում հարմարվել չի կարողանում։ Ասում է՝ մի անգամ արդեն հայրենիք է թողել, երբ 1991-ին ծնողների հետ հարկադրաբար դուրս են եկել իր ծննդավայր Շահումյանից։ Հիմա չի ուզում, որ իր 15, 6 եւ 1,5 տարեկան աղջիկներն էլ նույն ճակատագիրն ունենան։ Բայց մյուս կողմից էլ նրանց անվտանգության մասին է մտածում։ Այդ պատճառով է ձեռքի շնորհները գործի դրել. մի օր մեքենա է նորոգում, մի օր՝ շինարարություն անում, նաեւ այգին է մշակում ու ծառեր տնկում, որ կարողանա հոգալ ընտանիքի կարիքները։
Տունը, որտեղ ապրում են վարձով, մտադիր են գնել, եթե կարողանան անհրաժեշտ 5 հազար դոլարը հավաքել։
Արցախահայության աջակցության ծրագրերից ստացած գումարը հազիվ ապրելուն է բավականացնում։ Մեկ անգամ միանվագ 80 հազար են ստացել, եւս 4 ամիս Արմինեն ու երեխաները 68000-ական դրամ կստանան։ «Դրանից հետո»-ն արդեն անորոշ է։
«Մենք մտածել ենք, որ սա մեր վերջին կռիվն է։ Բայց ի՞նչ եղավ, ինչի՞ եղավ։ Էսպիսի պատերազմ մենք չենք տեսել, սա ուրիշ բան էր»։ Մեծ Այրումի բնակիչ Սեդա Դիվանյանի հետ զրույցն այսպես սկսվեց։ Երբ հարցրի «Նոր եկածների» մասին, արցունքները սրբելով՝ ձեռքն ուղղեց դեպի Գագիկի եւ Արմինեի տունը։ Քրոջ տղայի ընտանիքն է՝ երկրորդ անգամ փախստական դարձած։ 70-ամյա կնոջ աչքերում նաեւ վերապրումի արցունքներն էին։
«1991 թվականի սեպտեմբերի 13-ին տեղափոխվել ենք Հայաստան։ Չորս տարի պայքարել ենք, որ դուրս չգանք Էրքեջից։ Գումար էին առաջարկում, որ հանձնվենք ու թողնենք մեր տները։ Երբ Խանլարի շրջանը տվեցին, ծախեցին, մենք 4 տարի սոված-ծարավ, խավարի մեջ, լամպի լույսի տակ, գոմերի մեջ ապրել ենք, չենք հանձնվել։ Բայց հենց Գետաշենը դատարկվեց, 6 օրվա ընթացքում մեզ հանեցին, հայաթափեցին։ Բոլորս անխտիր դուրս եկանք ու թողեցինք ամեն ինչ՝ տուն, տեղ, ապրուստ։ Հեկտարներով այգիներ ունեինք՝ հոնի, պոպոկի, խնձորի. մեքենաներով խնձոր էինք կրում, ամիսներով չէր հատնում։ Կով, խոզ, ոչխար լցրինք անտառը։ Մեզ գյուղից հանեց Ուկրաինայի 6-րդ բանակը։ Մեզ չկպան, չնեղացրին, նրանց ուզածը մեր հողերն ու տներն էին։ Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ գյուղերը միանգամից հայաթափ արեցին։ Գաղթ էր, իսկական գաղթ»,- 30 տարի առաջ իր ընտանիքի հետ պատահածն է հիշում տիկին Սեդան։
Գյուղից դուրս են եկել, բայց վեց ամիս շարունակել են մնալ Շահումյանում այն հույսով, որ նորից հետ կգնան։ Բայց մի օր, երբ իմացել են ավերված գերեզմանների մասին, հույսը մարել է։ Մտածել են, որ էլ հետդարձ չկա։ Տիկին Սեդայի բազմանդամ ընտանիքը, ինչպես ինքն է ասում, մի կերպ է հասել Հայաստան։
«Ալավերդու պղնձահանքերի մասին գրքերում էի կարդացել։ Անուշը, Մարոն, Միկիտան Սաքոն․․․ Դեբեդի մասին, որ կարդում էի, ասում էի՝ երանի մի օր գնամ Հայաստան, տեսնեմ։ Ու եկանք անմիջապես այստեղ՝ Մեծ Այրում։ Ազատ տուն չկար։ Բաքվից, Կիրովաբադից եկածներն արդեն զբաղեցրել էին։ Մեզ էլ մի կիսաքանդ նկուղ հասավ։ Դրա տերը՝ թուրքը, Վրաստանից գալիս-գնում էր, որ ծախի կամ փոխի իր ավերակ տունը։ Դե, մենք էլ արդեն գնալու տեղ չունեինք, 8 հազար ռուբլիով փլատակ տունը առանք։ Դպրոցի տնօրենը մի կոտրած նստարան ու սեղան տվեց։ Էդ էր։ Աշխատեցինք, քիչ-քիչ ստեղծեցինք։ Երեխաներիս մեծացրի, ուսման տվեցի։ Հիմա այգիներ ունենք, անասուններ, նոր հողամասեր ենք առել, ամեն ինչ ունենք։ Տունս տեսնեք, չեք ուզի բակ դուրս գալ, դրախտ է,- անթաքույց հպարտությամբ է իր ստեղծածի մասին պատմում Սեդա Դիվանյանն ու հարցնում,- հիմա գոնե կվայելե՞նք, թե՞ այստեղ էլ մեզ կհանձնեն ու նորից կթողնենք, կփախչենք։ Բայց ո՞ւր»։
Պատերազմից հետո ինքն իրեն կամ տղային հաճախ է այս հարցերը տալիս, ու պատասխանը չեն գտնում։ Գիտեն մի բան. հայրենիքը հիմա սա է, ապրում են, ստեղծում, շենացնում։
«Էս տարիների ընթացքում երազում գոնե մի անգամ Այրումը, այստեղի ապրողներին չեմ տեսել։ Մենակ ընդեղի գյուղը, տունը, ժողովրդին եմ տեսնում։ Միշտ էլ երազներով ընդեղ եմ»,- հուզմունքից տիկին Սեդայի ձայնը մարում է, զրույցն՝ ավարտվում։
Այրումում ամեն ընտանիքում այսպիսի պատմություն կա։ Միայն ժամանակներն են տարբեր, մնացածը նույնն է՝ կռիվ, բռնի տեղահանություն, լքված տներ, ուրիշ տեղ կյանքը նորից սկսելու իրողություն։
«Թշնամանքը վերանալ չի։ Շան հետ ընկերություն արա, ճիպոտը վեր մի գցիլ։ Էդ հո գիդանք, տեսալ ենք,- ասում է 81-ամյա Գվայուրա Ասլանյանն ու կարծես ասածը հաստատելու համար շարունակում,- քրոջս տղեն առաջին պատերազմին պատանդ ա ընկել, մինչեւ հիմի չկա, ամեն օր՝ լաց, կոծ։ Հորեղբորս տղեն էլի էն մի կռվումն ա մահացալ, իրա տղեն՝ էս նոր կռվումը։ Էդքան դարդերը ո՞վ կտանի։ Հիմի էլ էկած, մեր տունը կտրած, ասում են՝ չիմ մերն ա»։
Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում ծնված ու 17 տարեկանում Բաքու տեղափոխված Գվայուրա Ասլանյանը մեծ քաղաքի կենտրոնում ապրած իր «շատ լավ կյանքը» կարոտով է հիշում։ 28 տարվա կյանք՝ մինչեւ ջարդերը։
«Երբ հայերի հալածանքները սկսվեցին 1988-ին, եկել, ամուսնուս զգուշացրել էին, որ քեզ սպանելու ենք, ինչի՞ ես հայերին պահում քեզ մոտ։ Շինարար էր ամուսինս ստրոյզավոդում։ Ինքն էլ ասել էր, որ աշխատողները բոլորը հայեր են, ո՞նց չպահի։ Ասում էին՝ езжайте вашу Армению (գնացեք ձեր Հայաստան)։ Սպառնացել են, բայց մեր թուրք հարեւանները մեզ պահում էին: Իմ նաչալնիկն էլ էդ խառը օրերին շատ օգնեց։ Ինձ ու մի քանի հայերի ուղեկցում էր մեր տուն ու ասում՝ ես թուրքերեն կխոսեմ, բայց դուք ոչ մի բան չխոսեք իրար հետ, որ չհասկանան, թե ով եք, ինչ եք»,- պատմում է տիկին Գվայուրան, որին Մեծ Այրումում հիմա բոլորը Գալյա անունով են դիմում։
Սումգայիթի ջարդերից հետո ամեն պահն օրհասական է եղել։ Նախ Բաքվի երկու բնակարանների փոխանակման հարցը պետք է լուծեին։ Սկզբում որոշել են Սպիտակի շրջանի Ղուրսալի գյուղ տեղափոխվել, ապրել երկու քաղաքների միջև, որ երեխաները հայերեն խոսել սովորեին։ Տիկին Գալյան հիշում է՝ բնակարանի փոխանակման հարցերով Սպիտակի «ռայկոմի» շենքում է եղել, երբ աղետալի երկրաշարժը ցնցել է քաղաքը։ Ինքը փրկվել է, բայց արդեն փոխանակված տնից միայն ավերակներ են մնացել։ Ֆիզիկական ու հոգեկան ցավն անտեսելով՝ Գվայուրա Ասլանյանը Մոսկվա է գնացել՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ, որ կարողանար գոնե երկրորդ բնակարանի փոխանակման հարցը լուծել․ ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ կարող էր անօթեւան մնալ։ Ի վերջո հաջողվել է Բաքվի երկրորդ բնակարանը Մեծ Այրումի տան հետ փոխանակել։ Ասում է՝ մինչեւ այսօր երախտապարտ է Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովին։
«Գիտե՞ս ինչքան դժվար էր քաղաքից հետո գյուղ գալը, հետն էլ՝ ավերակներ։ Քաղաքի կենտրոնից եկել եմ էստեղ։ Մետրոն կողքիս էր, ավտոբուսը՝ ըղաքումս (առջեւս), եկել եմ, հասել էս գյուղը։ Շատ էի ուզում Ռուսաստան գնանք։ Բայց սա (ամուսնու կողմն է նայում) չթողեց, ասեց՝ տեղդ նստիր ու էրեխեքիդ պահիր»,- հիշում է 81-ամյա տիկին Գալյան։
Մեծ քաղաքի կենտրոնում «փափուկ կյանքով» ապրած կինը ամուսնու եւ 16-ամյա որդու հետ սկսել է հող մշակել։ Աղջիկը փոքր էր, 5-րդ դասարանում էր սովորում։ Փախստական կինը պատմում է՝ իրենց որդուն են պարտական, որ քաղաքում ծնված-մեծացած՝ ամբողջ բեռն իր ուսերին է վերցրել, ծնողներին ստիպել նոր հողամասեր վերցնել ու մշակել։
Հիմա ընտանիքը այգեգործությամբ ու հողագործությամբ է զբաղվում։ Դեղձի եւ արքայանարնջի այգիներ ունեն։ Գոհ են, բայց տիկին Գալյան մտածելու շատ բան ունի․ Շուշիում են մնացել աղջկա ընտանիքի տունն ու ամբողջ ունեցվածքը։
1988-ին Այրումից հեռացող ադրբեջանցիներն իրենց հետ տարել են ամեն ինչ։ Այրումի բնակիչները պատմում են, որ հեռանալուց հետո էլ նրանք, ովքեր դեռ տուն են ունեցել փոխանակելու, վաճառելու կամ ինչ-որ բան տանելու, եկել-գնացել են։ Տեղացիները նրանց նեղություն չեն պատճառել։
Մեծ Այրումի կենտրոնում՝ դպրոցի գրեթե հարեւանությամբ, ադրբեջանցիների գերեզմանոցն է։ Տարիների ընթացքում ցանկապատներն ու որոշ քարեր գողացել են, բայց գերեզմանները չեն պղծվել ու ավերվել։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։