ԵՄ խորհրդում Շվեդիայի նախագահությունը հայտնել է, որ Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները մայիսի 24-ին համաձայնության են եկել մեկ տարով երկարաձգելու Ուկրաինայից ապրանքների արտահանման մաքսատուրքերի քվոտաների եւ առեւտրի պաշտպանության միջոցների դադարեցումը։ «Դա կօգնի Ուկրաինային պահպանելու ԵՄ-ի հետ առեւտրային հարաբերությունների կայունությունը եւ իր տնտեսությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի դադարեցումը դժգոհություն է առաջացրել Ուկրաինայի հարեւան արեւելաեվրոպական մի շարք երկրների ագարակատերերի շրջանում: Վերջիններս հայտարարել են, որ ուկրաինական ապրանքների պատճառով իրենց ներքին գյուղատնտեսական շուկաներում ապակայունացում է տեղի ունեցել: Լեհաստանի եւ Հունգարիայի կառավարությունները որոշում էին ընդունել արգելել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խնդրի լուծման առաջարկներ է ներկայացրել Ռումինիային, Լեհաստանին, Սլովակիային, Բուլղարիային եւ Հունգարիային: Եվրահանձնաժողովը, մասնավորապես, որոշել է լրացուցիչ 100 միլիոն եվրո հատկացնել ագարակատերերին՝ իբրեւ վնասի փոխհատուցում: