ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով։ Միայն 75 տարին լրացած, ինչպես նաեւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց ցանկությամբ նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով։
Նախարարությունից զգուշացրել են, որ ընտանիքներին, որոնք մինչեւ հունիսի 30-ը դիմում չեն ներկայացնի վճարման եղանակը փոխելու համար, նպաստի տրամադրումը ծրագրային գործիքի կիրառմամբ կդառնա անկանխիկ, իսկ բանկը կընտրվի պատահականության սկզբունքով (հաշվի առնելով տվյալ բնակավայրում նպաստն անկանխիկ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի):
Քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որեւէ մեկը մինչեւ հունիսի 30-ը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրy սպասարկող տարածքային կենտրոն եւ ներկայացնի վճարման եղանակի փոփոխության դիմում՝ հետագայում համակարգի ընտրած բանկի մասին տեղեկանալու համար առաջացող հերթերից խուսափելու համար։