Մայիսի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը եւ ԿԽՄԿ-ի գործադրած ջանքերի մանրամասները։
Փոխարտգործնախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության նորմերի ոտնահարմանը, ներառյալ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի՝ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին ընդունված որոշման կոպիտ խախտմամբ Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրմանը։
Ընդգծելով Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման եւ հայրենադարձման հրամայականը՝ Վահե Գեւորգյանն արժեւորել է նաեւ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կատարումն ապահովելու ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը: