Օրերս Կառավարության որոշմամբ ՀՀ բարձրագույն պաշտոնյաները՝ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը, վերստին բարելավեցին իրենց ու իրենց ընտանիքների կյանքը ՀՀ հպարտ քաղաքացի հարկատուների հաշվին։
Կառավարության մայիսի 18-ի նիստում ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի եւ նրանց ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) համար պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման եւ ֆինանսավորման մասին որոշում կայացվեց։
Առաջին հայացքից հիանալի որոշում. մարդիկ, որոնք քափ-քրտինք աշխատում են մեր բարեկեցության համար, պետք է ոչ միայն արժանապատիվ վարձրատրություն ստանան, այլեւ սոցիալական ապահովության փաթեթ ունենան՝ իրենց ու իրենց երեխաների եւ ամուսինների համար։
Հիշեցում. մահացած միապետների հետ նկարվող, գոյության իմաստը փնտրող եւ դաշնամուրի ստեղների անզուգական վարպետ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատավարձը առանց պարգեւավճարների 2023 թվականի հունվարի 1-ից 1.664.000 դրամ է։
Սիրելի քաղաքացիների վրա թքող, պաշտոնեական դիրքը չարաշահող ու վարչապետի որդու մասին ստահոդ լուրեր տարածող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աշխատավարձը 1.497.000 դրամ է։
Իսկ Հայաստանի գերագույն օջախապետի, հայ ժողովրդի դուչեի, հավաստի լուրերի խորագետ, Սերժից ավելի սերժական եւ Ռոբից ավելի շինարար Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը 1.580.000 դրամ է։ Հավելենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում միջին աշխատավարձը 235.000 դրամ է։
Սրանք պարզապես թվեր չեն, այս թվերը «Մենք ձեզնից մեկն ենք, մեզ ձեզնից չենք կտրվի, ես իմ ժողովրդի մի մասնիկն եմ» վարչապետ Փաշինյանի կարգախոսի հակադարձ համեմատականներն են։ Հիշում եք չէ՞, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացու վրա թքող եւ նույնիսկ ներում չխնդրող, էլ չասած հրաժարական չտվող Ալեն Սիմոնյանն էլ է մեզ պես մարդ։ Բայց չգիտես ինչ սկզբունքով երբ մեզ վրա թքում են, մենք հավասար ենք, իսկ բուժվելիս նրանք բուժվում են մեր գրպանից. ոչ թե մենք՝ իրենց, այլ իրենք՝ մեր։ Եվ դեռ դա էլ բավարար չէ, նաեւ ընտանիքի անդամները կբուժվեն մեր հաշվին։
Գոնե բարեվարքությունից ելնելով ասեին՝ ապագա պաշտոնյաների համար ենք անում, մենք մեր կյանքը չենք բարելավում, բայց սեթեւեթանքների ժամանակն անցել է։ Մեղրամիսը վաղուց չկա, եւ այս ամենն արդեն տենդենց է, ինչպես որ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պատգամավոր ժամանակ բարձրացրեց իր ապագա պաշտոնի աշխատավարձը եւ գնաց դարձավ ԿԸՀ նախագահ։ Մեզ էլ ասացին, որ դա ոչ թե առանցքային պետական ինստիտուտի կուսակցականացում է, այլ հակակշռի ստեղծում։
Վարչապետը, որի շարասյունը մարդու է վրաերթի ենթարկում ու սպանում, կբուժվի մեր գրպանից։ Նախագահը, որ ավելին չէ, քան որակյալ բուտաֆորիա ՀՀ պսեւդոխորհրդարանական երկրում, կբուժվի մեր գրպանից։ Պաշտոնյան, որ տարրական հարգանք չունի սեփական գործատուի՝ քաղաքացու հանդեպ, պաշտոնյան, որ մտածում է միայն սեփական ավտոպարկի, բնակարանի, եղբոր բիզնեսների ու սանիկի տենդերների մասին, կբուժվի մեր գրպանից։ Պաշտոնյաներ, որոնք խոսում էին նախկինների թալանից, գեներալների ունեցվածքից ու ՀՀ քաղաքացիների ունեզրկումից, որոնք տապալել են բոլոր հնարավոր արված ու չարված ռեֆորմները, պարտվել են պատերազմում, կորցրել են ՀՀ սուվերեն տարածքի 15000 հա, հիմա էլ որոշել են, որ իրենք բժշկի, բուժօգնության գումար չունեն, միլիոնից ավելի աշխատավարձն իրենց չի բավարարում, եւ միակ տարբերակը՝ առողջ, առույգ մնալու ու մեզ ծառայելու, պետբյուջեի, այսինքն՝ մեր ընդհանուր եկամուտների ու հարկերի գումարով իրենց առողջապահական ծախսերը հոգալն է։
Պարկեշտության, ազնվության, թափանցիկ աշխատանքի, հաշվետու գործի, գիշեր-ցերեկ «ծառայում ու ծառայում ենք» խոսողներին հարիր որոշում։ Որոշում, որով մեկ քայլ ավելի որակյալ կյանք կունենան մեր ծառաները։ Ծառաներ, որոնք մեզ վրաերթի են ենթարկում, թքում են մեզ վրա, մեզ ծեծողներին չեն ձերբակալում, մեզ թալանողներին պարգեւատրում են ու մեզ էլ համոզում, թե ապագա կա։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։