Ըստ իրանական Fars գործակալության՝ Իրանի բարձրագույն խորհրդի ազատ առեւտրաարդյունաբերական եւ հատուկ տնտեսական գոտիների քարտուղարության ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման բաժնի ղեկավար Զոհրե Բահրեբարը հայտնել է, որ Իրանն ու Հայաստանը համատեղ կստեղծեն «Արաքս-Մեղրի» ազատ տնտեսական գոտի, որը ներառում է «Արաքս» ազատ առեւտրաարդյունաբերական գոտին Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Արեւելյան Ադրբեջան նահանգում եւ Մեղրի քաղաքը:
«Ազատ առեւտրաարդյունաբերական ու հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղարության օրակարգում Իրանի եւ թիրախային երկրների միջեւ համատեղ ազատ գոտիների ստեղծումն է։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այդ հարցի իրագործմանը եւ շարունակում ենք նման գոտիների ձեւավորումը»,- նշել է Բահրեբարը:
Բահրեբարը կարեւորել է այն դերակատարությունը, որն «Արաքսը» կարող է ունենալ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ։ Այն «Արեւելք-արեւմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքի գոտում է, որը ձգտում է ստեղծելու Կենտրոնական Ասիայի երկրների մեծամասնությունը: