Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը հայտարարել է, որ Ղազախստանը մտադիր չէ եւ չի նախատեսում ստեղծել որեւէ միութենական պետություն կամ անդամակցել դրան։
Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի լիագումար նիստին նախօրեին մասնակցած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է ԵԱՏՄ շրջանակում ինտեգրման տարբեր մակարդակների առկայության մասին` ուշադրություն հրավիրելով միավորման մեջ Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության առկայությանը: Ժելդիբայը հստակեցրել է` պետության ղեկավարի առանցքային ուղերձն այն էր, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ինտեգրումը կարող է եւ պետք է ընթանա բացառապես տնտեսական ճանապարհով: Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղարը հավելել է, որ դրա շրջանակից դուրս գալը խախտում է կազմակերպության կանոնադրական փաստաթղթերի նպատակները, սկզբունքներն ու խնդիրները։
«Ինչպես ընդգծել է նախագահը, տնտեսական ինտեգրումն ինքնանպատակ չէ, այլ տնտեսությունների զարգացման եւ մեր ժողովուրդների բարեկեցության բարձրացման միջոցներից մեկն է: Այսինքն` միավորման շրջանակում ընդունվող ցանկացած որոշում պետք է արդյունք տա դրա յուրաքանչյուր առանձին մասնակցին եւ, առաջին հերթին, ԵԱՏՄ բոլոր պետությունների քաղաքացիներին»,- ընդգծել է Տոկաեւի մամուլի քարտուղարը։ Նա շեշտել է, որ ներկայում, իսկապես, ԵԱՏՄ-ի երկու մասնակից` Ռուսաստանն ու Բելառուսը, մերձեցման ավելի բարձր եւ սերտ մակարդակ են դրսեւորում: