Ամերիկյան Business Today պարբերականը հայտնել է, որ ամերիկացի գործարար Իլոն Մասկին պատկանող՝ ուղեղների չիպերի արտադրությամբ զբաղվող Neuralink ընկերությունը թույլտվություն է ստացել մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ անելու համար։ 2022-ի սկզբին Neuralink–ը նման փորձարկումներ անելու թույլտվության համար դիմել է ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի վարչություն (FDA), բայց այդ ժամանակ կառույցը մերժել էր ընկերության հայտը։
«Ուրախ ենք տեղեկացնելու, որ մարդկանց վրա կլինիկական ուսումնասիրություններ սկսելու համար ստացել ենք FDA–ի թույլտվությունը։ Սա Neuralink թիմի անհավատալի աշխատանքի արդյունքն է։ Ընկերությունը սերտորեն համագործակցում է FDA-ի հետ, եւ սա կարեւոր առաջին քայլն է։ Մի օր մեր տեխնոլոգիան հնրավորություն կտա օգնելու շատ մարդկանց»,– Twitter-ում հայտնել է Neuralink–ի ներկայացուցիչը։
Ընկերությունը հավաստիացրել է, որ առաջիկայում կլինիկական փորձարկումների մասնակիցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն։
Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ Neuralink–ի «հեղափոխական ուղեղային իմպլանտը» կօգնի հաղթահարելու այնպիսի իրավիճակներ, ինչպիսիք են կաթվածն ու կուրությունը։