ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար եւ Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայում խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Ռիքերը շեշտել է, որ կողմերը մի կետում են, որտեղ խաղաղության եւ համաձայնագրի հասնելու իրական հնարավորություն կա, եւ հենց դա է հիմնական տարբերությունը նախորդ փուլերից:
Նախկին բարձրաստիճան դիվանագետը ողբերգություն է համարել բազմաթիվ կյանքեր խլած, կորուստներ պատճառած, զարգացման հնարավորությունները տասնամյակներով չեզոքացրած հարավկովկասյան այս երկարամյա հակամարտությունը: Դիվանագետն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրա մի մասն են: Նախկին բանագնացը նաեւ կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցերը, որոնք, ըստ նրա, Բաքուն պետք է քննարկի վերջիններիս հետ:
«Երկու առաջնորդները պետք է հանդիպեն եւ լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե ո՛ր ուղղությամբ են շարժվում, եւ ի՛նչ մտահոգություններ կան»,- ասել է Ռիքերը: Նա համոզմունք է հայտնել, որ անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածաշրջանում առեւտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար: