ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են այդ ուղղությամբ վերջին շրջանում անցկացված բանակցություններում քննարկված եւ դեռ փոխհամաձայնեցման ենթակա հարցերին: Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատեւ խաղաղության հաստատման հանձնառությունը:
«Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրումը»,– ասված է հաղորդագրությունում: