Ֆինլանդիայի վիճակագրական ծառայությունից հայտնել են, որ 2022-ին Ռուսաստանից Ֆինլանդիա է ներգաղթել ավելի քան 6000 մարդ, ինչը նախորդ տարիների ցուցանիշների համեմատ երկու անգամ ավելի է։ 2022-ին Ռուսաստանից Ֆինլանդիա ներգաղթը ռեկորդային է եղել ԽՍՀՄ փլուզումից ի վեր։ 2022-ին Ռուսաստանից Ֆինլանդիա է գաղթել 6003 մարդ, ինչը ավելի քան 30 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշ է։ Ռուսաստանից տեղափոխվածների մոտ 94%-ն ուներ Ռուսաստանի քաղաքացիություն։ Նախորդ շաբաթ Ֆինլանդիայի ներգաղթի ծառայությունը հայտնել էր, որ զորահավաքից խուսափող ՌԴ 1109 քաղաքացիներ ապաստան են խնդրել Ֆինլանդիայում:
Ըստ դեպարտամենտի ավագ վիճակագիր Յոհան Նորդբերգի՝ նախորդ տարի Ռուսաստանից Ֆինլանդիա ներգաղթի հիմնական ալիքը եղել է մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, եւ դա անմիջականորեն առնչվում է Ուկրաինա ռուսական ներխուժմանը։
ՌԴ-ից Ֆինլանդիա ներգաղթը հասել է ԽՍՀՄ փլուզման մակարդակին: 1990-ին Խորհրդային Միությունից Ֆինլանդիա է ներգաղթել 1958 մարդ, իսկ 1991-ին ԽՍՀՄ փլուզումից հետո նրանց թիվը հասել է 5515-ի։ Հաջորդ մի քանի տարիներին՝ 1992-1995 թվականներին, տարեկան մոտավորապես 1700-2600 մարդ ՌԴ-ից արտագաղթել է Ֆինլանդիա։ 2021-ին այս ցուցանիշը մնացել է 3100-ից ցածր: 2022-ին գրանցվել է Ֆինլանդիա ներգաղթողների ռեկորդային թիվ՝ 49 հազար 998։ Նախորդ տարիներին նրանց թիվը տատանվում էր տարեկան 29-36 հազարի սահմաններում։ «Այս թվերը չեն ներառում Ֆինլանդիայում ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող ուկրաինացիներին եւ ապաստան հայցողներին»,- ընդգծել են գերատեսչությունում։