ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է, որ հենց ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության շուրջ քննարկումները հանգեցրին Ուկրաինայի պատերազմին։ Հենրի Քիսինջերը թեեւ չի արդարացնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, սակայն իրադարձությունների շարքը, որոնք հանգեցրին պատերազմին, ըստ ԱՄՆ նախկին պետքարտուղարի, սկսվեցին Ուկրաինային դաշինք ընդունելու հնարավորության մասին ՆԱՏՕ-ի անդամների առաջին քննարկումից հետո։ Քիսինջերն ասել է, որ թեեւ պատերազմն ինքնին շատ անողոք բան է, հարձակումը պետք է հետ մղվի, եւ ինքն աջակցում է ուկրաինական եւ արեւմտյան դիմադրությանը, այդուհանդերձ, ըստ նրա, դրա համար ամբողջ մեղքը չպետք է բարդել միայն Պուտինի վրա:
«Դեռ 2014-ին իմ հոդվածներից մեկում լուրջ կասկածներ էի հայտնել Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ հրավիրելու ծրագրի վերաբերյալ: Սրանով սկսվեցին մի շարք իրադարձություններ, որոնք ավարտվեցին պատերազմով: Սա չի արդարացնում պատերազմը, բայց ես այն ժամանակ կարծում էի եւ հիմա էլ կարծում եմ, որ անխոհեմ կլինի, եթե Արեւելյան բլոկի բոլոր նախկին երկրները դառնան ՆԱՏՕ-ի անդամ՝ հետն էլ Ուկրաինային հրավիրել միանալու ՆԱՏՕ-ին»,- ասել է Քիսինջերը՝ հիշեցնելով, որ այնուհետեւ ինքն առաջարկել է Ուկրաինային օժտել չեզոք կարգավիճակով՝ այն դարձնելով «կամուրջ երկու կողմերի միջեւ»:
Նախկին պետքարտուղարն ասել է, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային անշուշտ պետք է ընդունել Հյուսիսատլանտյան դաշինք։ «Հիմա, երբ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ այլեւս չեզոք գոտիներ չկան, ավելի ճիշտ կլինի, որ Արեւմուտքն Ուկրաինային ընդունի ՆԱՏՕ-ի կազմում: Դա երաշխիք կդառնա, որ հակամարտությունները, որոնք կարող են նորից ծագել պատերազմի ավարտից հետո կամ խաղաղության համաձայնագրի արդյունքում, Ռուսաստանի կամ Ուկրաինայի միակողմանի հարձակումներով չեն լուծվի»,- պարզաբանել է Քիսինջերը։