Երբ անցյալ տարի ԱԺ «Արդարություն» խմբակցությունից պատգամավորը նախագահ Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե ինչպես է «կարգավորվել» Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, հետեւեց հստակ պատասխան՝ քննարկումը կազմակերպվել է Անվտանգության խորհրդի նիստի ձեւաչափով, որին ներկա են եղել խորհրդարանի քաղաքական ուժերի լիազորված պատասխանատուները։
Ցավոք, երբեք արխիվ չեմ պահել, չեմ պահում նաեւ ֆեյսբուքյան նամակագրություններս, բայց, կարծում եմ, պարկեշտությունը թույլ չի տա, որ Հայկ Խանումյանը հերքի․ ես նրան «մեսինջերով» հարցրել էի՝ ինչ որ արվում է, ինչ պայմանավորվածություններ որ ձեռք են բերվում, գրավոր փաստաթղթավորվո՞ւմ են։ Խանումյանը զբաղեցնում էր տարածքային կառավարման նախարարի պաշտոնը եւ ներգրավված էր ադրբեջանական կողմի եւ խաղաղապահ զորախմբի հետ «բանակցություններում»։
Նա վստահեցրեց, որ ամեն ինչ կարգին է։ Հարցրի՝ կարո՞ղ ենք համոզված լինել, որ փոխվում է միայն երթուղին, ռեժիմը մնում է նույնը։ Նա կարճ գրեց․ «Այո՛»։ Հարցը շատերին էր հետաքրքրում, Խանումյանը մի քանի հարցազրույց-պարզաբանումներ է արել. կարելի է նայել այդ օրերի մամուլի արխիվները։ Նա նույնիսկ վստահեցնում էր, որ նոր երթուղու վրա Լաչինի շրջանի երեք-չորս գյուղ կանցնի խաղաղապահների հսկողության տարածք, այնտեղ կարող են վերաբնակվել Բերձորից, Աղավնոյից հեռացող ընտանիքներ, եթե ցանկություն ունենան։
Իրականում ինչ տեղի ունեցավ՝ հայտնի է։ Ի վերջո Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին անցակետ տեղադրեց։ Եվ այդ երկրի ներկայացուցիչը երկու օր առաջ ՄԱԿ ԱԽ-ի կազմակերպած քննարկումներում հայտարարեց, որ դա «յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է՝ պահպանել իր սահմանը, կարգավորել ելումուտը»։
Ամեն ինչ ակնառու է, մանավանդ եթե համադրում ենք, որ ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետրով, որ ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։
Բաց է մնում մի հարց․ Լաչինի միջանցքի նոր երթուղու հայ-ադրբեջանական համաձայնությունը կայացել է Բաքու-Ստեփանակե՞րտ, թե՞ Երեւան-Բաքու ձեւաչափով քննարկումների արդյունքում։ Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը պահանջում է, որ Հայաստանի Ազգային ժողովում բաց քվեարկություն կազմակերպվի, որպեսզի անուն առ անուն իմանանք «Արցախը հանձնողներին»։ Ասում է՝ պատմության համար։ Շատ կուզենայի, որ գոնե պատմության համար գաղտնազերծվեր Արցախի Անվտանգության խորհրդի այն նիստի սղագրությունը, որտեղ ընդունվել է Լաչինի միջանցքի նոր երթուղուն համաձայնելու (հավանություն տալու) որոշումը։
Հետաքրքիր է իմանալ՝ պետական բարձրագույն եւ բարձր պաշտոն զբաղեցնող, քաղաքական գործունեության հարուստ փորձ ունեցող մարդիկ ինչ են ասել։ Տագնապ չե՞ն ունեցել, որ Ադրբեջանը գնում է նոյեմբերի 9-ի Հայտարարության՝ մեզ համար ճակատագրական նշանակություն ունեցող դրույթի, այն է՝ «Լաչինի միջանցքը, որ Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին, գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողության ներքո», չեղարկման։ Որ դրան հետեւելու են այլ քայլեր։ Որ Բաքուն միջանցքը դիտարկում է որպես Լաչինի շրջանի անբաժանելի մաս։ Իսկ դրանից հետեւում է, որ Ադրբեջանի սուվերենությունը տարածվում է նաեւ միջանցքի վրա։ Իսկ եթե միջանցքն ադրբեջանապատկան է, ուրեմն նույն իրավական ռեժիմը տարածվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի վրա։
Արցախի Ազգային ժողովի կեսգիշերային արտահերթ նիստը հուզական էր, ընդունված Հայտարարությունը՝ նույնպես։ Եվ տպավորություն էր, թե ամբողջ աշխարհը կողմ է Արցախի անկախությանը, միայն Նիկոլ Փաշինյանն է դեմ եւ ամեն գնով ձգտում է Իլհամ Ալիեւին «տված խոստումն օր առաջ ի կատար ածել»։ Իրոք, աննախադեպ, արդեն բացառապես էքզիստենցիալ իրավիճակ ունենք, հույզերի պոռթկումը բնական է։ Բայց նույն խորհրդարանն ինչո՞ւ անցյալ տարի փակ նիստ չգումարեց, չհրավիրեց ուժային կառույցների պատասխանատուներին, չքննարկեց Փառուխ-Քարագլուխ «օպերացիայի», դրան հետեւած ադրբեջանական «վրիժառություն» ռազմագործողության եւ Լաչինի միջանցքի նոր երթուղու փոխկապակցվածության հարցը։
Մայիսի 25-ին, ուղիղ նայելով Նիկոլ Փաշինյանի աչքերին, Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը Լաչինի միջանցքի հարցում դիրքորոշում չի փոխել, ամեն ինչ պետք է կարգավորվի, ինչպես սահմանված է նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ։ Նա նույն պնդումն արել է նաեւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմա՞նը։ Կարծում եմ՝ ոչ։ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Ալիեւի ներկայությունը, նրա հայտարարությունը, որ իրեն «հյուր չի զգում», չափազանց խոսուն են։ Դիվանագիտական լեզվի նրբություններին տեղյակ մարդու համար դժվար չէր հասկանալ, որ Ալիեւը Պուտինին շատ թափանցիկ ասաց, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան երկաթուղու գործարկումը պայմանավորված է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի դիրքորոշմամբ։
Ո՞րն է Ստեփանակերտի վրիպումը։ ՌԴ խաղաղապահ զորախմբի նկատմամբ զգացմունքային վստահությո՞ւնը։ Բայց մի՞թե Խծաբերդ-Հին թաղեր «սիներգիան» բավական չէր, որպեսզի կարողանայինք մե՜ծ քաղաքականությունը եւ «մանր պատահարները» դիտարկել ընդհանուր շղթայի մեջ։ Լաչինի միջանցքի նոր երթուղու մասին Արցախի Անվտանգության խորհրդի որոշումը կապ ունի՞ Լեռնային Ղարաբաղը «հանձնելու»՝ Նիկոլ Փաշինյանի որոշման հետ։ Մայիսի 25-ին Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջ չունի, իսկ «միջանցքը միջազգային տերմին է»։ Ընդամե՞նը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։