ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է այսուհետ եւս ամեն կերպ աջակցելու ադրբեջանա-հայկական կարգավորմանը եւ ակնկալում է, որ Բաքվին եւ Երեւանին կհաջողվի խաղաղության պայմանագիր կնքել: Պատասխանելով այն հարցին, թե այսօրվա դրությամբ հնարավոր է արդյոք խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, փոխնախարարը նշել է, որ խաղաղության պայմանագրի հասնելը մեծապես կախված է կարգավորման բոլոր ուղիների առաջխաղացումից: Նա հույս է հայտնել, որ կանոնավոր շփումների հնարավորություն կընձեռեն՝ հասնելու վերջնական խաղաղ պայմանավորվածությունների:
Գալուզինը հիշեցրել է, որ մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Ադրբեջանի եւ Հայաստանի իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հետ՝ երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով: Այդ միջոցառումների շրջանակում անցկացվել է նաեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայ-ադրբեջանական առանձին հանդիպում։ «Նման քննարկումների համար մեր հարթակի տրամադրումը Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացում կոնկրետ արդյունքների հասնելու հարցում Ռուսաստանի աջակցության տարրերից մեկն է»,-շեշտել է Գալուզինը։
ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրից բացի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շուրջ աշխատանքները ներառում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու հանրային շփումների զարգացման միջոցով վստահության ամրապնդումը: