Որքան մեզ հայտնի է, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երբևէ կարծիք չի արտահայտել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Ուստի միանգամայն անակնկալ էր Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նրա արտահայտած հետևյալ միտքը. «Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ․․․, հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռևս 1990-91 թվականներին, երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով»:
Ինչպես տեսնում ենք, բերված քաղվածքում Խաչատուրյանի կողմից հստակ նշվում է, որ հայ-ադրբեջանական պատերազմը սանձազերծվել է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կողմից:
Բանից պարզվում է, Խաչատուրյանը բացարձակապես տեղյակ չէ, թե իրականում ինչից է սկսվել այդ պատերազմը: Ուստի նպատակահարմար ենք համարում նրան հիշեցնել այդ պատերազմի պատճառների վերաբերյալ 1996 թ. ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետևյալ հատվածը. «Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) եւ Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերի, ինչպես նաեւ Ղարաբաղի 24 հայկական գյուղերի բնակչության տեղահանության (1991թ. մայիս – հունիս) փորձը ամենայն ակներեւությամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանը, չնայած բոլոր հավաստիացումներին, չի կարող Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ ապահովել»: Հուսանք, որ այս հանրահայտ պարզաբանումից հետո Խաչատուրյանը կհասկանա, թե ղարաբաղյան հակամարտության կողմերից ո՛ր մեկն է սանձազերծել հայ-ադրբեջանական պատերազմը:
Մյուս կողմից, թերևս, բացառված չէ, որ Խաչատուրյանը նման հայտարարություն է արել ներկա իշխանությունների կողմից պատմության շարունակական կեղծման ու տարատեսակ մանիպուլյացիաների աղետաբեր քաղաքականությունն արդարացնելու համար: