ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ «Մայիսի 25-ին Մոսկվայում անցկացված Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացման առաջարկությանը»,- նշել է Պալտովը։
Ռուս դիվանագետը նաեւ հայտնել է, որ որոշում է ընդունվել հյուպատոսության բացման համար պետական երկարատեւ ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով: Պալտովը շեշտել է, որ որոշվել է մարդկանց ուղարկել տեղում աշխատանք կատարելու համար։ «Որպեսզի նրանք արդեն այնտեղ տեղում սկսեն աշխատել եւ ներդրում ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլեւ Հայաստանի ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում,- նշել է Սերգեյ Պալտովը եւ հույս հայտնել,- հունիսին մեր այցը արդյունավետ կլինի»։
Ավելի ուշ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։